Բայրամովը Լայթսթոունի հետ քննարկել է TRIPP-ը

Արյե Լայթսթոունը և Կոնստանտին Սոկոլովը Երևանում, 5-ը օգոստոսի, 2026թ.

TRIPP նախագիծը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման, Նախիջևանի հետ Ադրբեջանի անխոչընդոտ հաղորդակցության ապահովման և ավելի լայն տարածաշրջանային տարանցիկ հնարավորությունների ձևավորման գործում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ այսօր Բաքվում ընդունելով խաղաղարար առաքելությունների գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին:

Տեղեկատվություն է ներկայացվել տարածաշրջանի էներգետիկ, տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացման, Միջին միջանցքի ընդլայնման, ներդրումների խթանման և տարածաշրջանային կապերի զարգացման նպատակով Ադրբեջանի կողմից իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ, APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

«Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է խաղաղության օրակարգի առաջմղման, ձեռք բերված համաձայնությունների իրականացման, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և տարածաշրջանում կայուն խաղաղության ու կայունության ամրապնդման նպատակով Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին, ինչպես նաև նրա ուշադրությանն է ներկայացրել մեր երկրի դիրքորոշումը», - նշված է հաղորդագրությունում:

Բայրամովը և Լայթսթոունը մտքեր են փոխանակել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ: Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է «2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական նշանակությունը ադրբեջանա - ամերիկյան հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու գործում», - փոխանցում է Բաքուն:

Արյե Լայթսթոունը օգոստոսի սկզբին այցելել էր Հայաստան, նրան, ինչպես նաև «TRIPP+ առևտրային հիմնադրամի» ղեկավար Կոնստանտին Սոկոլովին ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սիվիլնեթ»-ի հետ զրույցում Սթիվ Ուիթքոֆի ավագ խորհրդականը համոզմունք էր հայտնել, որ «Թրամփի ուղին» կարող է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը: «Ոչինչ չի կարող կանխել նոր հակամարտությունը, բայց իրարից կախվածություն ունեցող ու իրար հետ առևտուր անող երկրները քիչ հավանական է, որ հակամարտության մեջ մտնեն», - մասնավորապես ասել էր Լայթսթոունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնյան գագաթնաժողովից մեկ տարի անց. ուր են հասել կողմերը և ինչ հարցեր են դեռ մնում չլուծված «Թրամփի ուղին» կարող է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը. Լայթսթոուն400 միլիոն դոլար բյուջեով TRIPP հիմնադրամ՝ բիզնեսմեն Կոնստանտին Սոկոլովի ղեկավարությամբ Վարչապետը և ԱՄՆ պաշտոնյան քննարկել են TRIPP-ի կյանքի կոչման հարցերը