Երևանում է Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԽՍՀՄ-ում ծնված, Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրող Սոկոլովը կղեկավարի Հայաստանով անցնող TRIPP + առևտրային հիմնադրամը:
Հաղորդվում է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին, հանդիպմանը ներկա է Կոնստանտին Սոկոլովը:
Արտգործնախարարության փոխանցմամբ՝ «ընդգծվել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից ի վեր արձանագրված նշանակալի զարգացումներն ու ձեռքբերումները»:
«Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին շրջանում բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվ դինամիկան և պայմանավորվածությունները, ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում առկա շոշափելի ձեռքբերումները, որոնք նաև ընդամենը մեկ տարի առաջ՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ստորագրված երեք հուշագրերի իրականացման արդյունք են»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Արարատ Միրզոյանը և Արյե Լայթսթոունը քննարկել են նաև առևտրատնտեսական համագործակցության և Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հնարավորություններն ու ծրագրերը:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ ծրագրի ուղղությամբ տարվող աշխատանքներին. «երկուստեք ընդգծվել է ծրագրի՝ գետնի վրա հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հարցում շահագրգռվածությունը: Մտքեր են փոխանակվել միջազգային փոխադրումների և ենթակառուցվածքների համակարգում Հայաստանի առավելագույնս արդյունավետ ինտեգրման հեռանկարների շուրջ»:
Ամերիկյան կառավարության պետական ծախսերի կայքէջից տեղեկանում ենք, որ ԱՄՆ կառավարությունը կրկնապատկել է TRIPP+ առևտրային հիմնադրամի (ТRIPP+ ENTERPRISE FUND) միջոցները՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոնի:
201 միլիոն դոլարի առաջին դրամաշնորհը հատկացվել էր այս տարվա հունվարի 30-ին, 2-րդ 201 միլիոն դոլարը՝ հուլիսի 16-ին:
Ըստ ամերիկայն կառավարության կայքէջի՝ տրամադրված դրամաշնորհի օգտագործման վայր նշված է Հայաստանը, իսկ գումարը պետք է իրացվի առաջիկա տասը տարում՝ մինչև 2036 թվականի դեկտեմբերը:
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին։
Հաջորդ քայլով գործադիրը կդիմի ՍԴ՝ մայր օրենքին միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը որոշելու նպատակով: Եթե ՍԴ-ը միջազգային պայմանագրի պատրավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն կներկայացվի ԱԺ՝ վավերացման համար: