Բաքվում գտնվող հայերի հարցն Ադրբեջանում կբարձրացվի. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստանից Ադրբեջան մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարցին, թե արդյոք պատրաստվում է Բաքվում խոսել հայ գերիների մասին, պատասխանել է, որ այդ հարցը բարձրացվելու է։

«Տեսեք, մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես այստեղի վարչապետի, այնպես էլ Ալիևի և Ադրբեջանի հետ։ Գիտե՞ք, ես լսեցի, որ վարչապետը երեկ ասաց, որ ինքը դրական է տրամադրված խաղաղության պայմանագրի հնարավորության վերաբերյալ՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք հիմա, համեմատած մի քանի ամիս առաջ եղած իրավիճակի հետ։ Ուստի մենք, անշուշտ, կանդրադառնանք մի շարք թեմաների, բայց կարծում եմ, որ մենք շարունակելու ենք շատ արդյունավետ աշխատել ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ»։

Հայ գերիները Բաքվում դատապարտվել են երկարատև, որոշ դեպքերում՝ ցմահ ազատազրկման:

Հայ լրագրողների մեկ այլ հարցին, թե կարո՞ղ է հստակեցնել, թե ինչ 5,4 միլիարդ աջակցության մասին էր խոսում Վենսը երեկ՝ տարընթերցումներից խուսափելու համար, ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ Հայաստանում շատ ներդրումներ են նախատեսված այն լավ գործարքների շնորհիվ, որոնք կնքվել են նախագահ Թրամփի և վարչապետի միջև։

«Նախագծերից մեկն այն է, որ նախատեսված է շատ խոշոր տվյալների կենտրոն, որը փաստորեն արդեն սկսվել է կառուցվել, և ընդհանուր ներդրումները կարող են հասնել 4 միլիարդ դոլարի Հայաստանում։ Սա նաև շատ աշխատատեղեր կստեղծի մարդկանց համար։ Այսպիսով, դա դասական «Win-Win» իրավիճակ է։ 4 միլիարդը՝ որպես ընդհանուր ներդրում, կարծում եմ, կարող է հասնել այդ չափի։ Բայց դուք արդեն տեսել եք, որ Հայաստանում իրականացվել են նշանակալի ներդրումներ, և մենք ակնկալում ենք, որ դրանք կշարունակվեն։ Մենք կխոսենք ձեզ հետ ճանապարհի վերջում»,- ասել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահը երեկ է ժամանել Երևան, հանդիպել է վարչապետի, նախագահի հետ: Փաշինյանն ու Վենսը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է հայկական կողմին 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական և անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների վաճառքի մասին:

Խոսելով Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին՝ Վենսն ասել է՝ «վարչապետ Փաշինյանն ունի իմ աջակցությունը»:

Սա ամերիկյան վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան, և առաջինը, ով կայցելի Ադրբեջան 2008 թվականին նախկին փոխնախագահ Դիք Չեյնիից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միրզոյանն ու Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հնարավոր նոր նախաձեռնություններըՎենսը կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՎենսը իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին ընտրություններում ԱՄՆ-ն 11 միլիոն դոլարի հետախուզական ԱԹՍ-ներ կտրամադրի Հայաստանին