Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանքից ազատ արձակվեց

Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայությունից դուրս եկավ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Վերաքննիչ դատարանը նրան կալանքից ազատեց։

Արշակ սրբազանը Ազգային անվտանգության ծառայության նկուղում էր դեկտեմբերից։

Սրբազանին սպասող հարազատները, մայրը, հոգևորականներն ու աջակիցները նրան դիմավորեցին ծափերով։

«Ընդհանրապես, ես հիշում եմ, որ կալանավայրերը ասում էին ուղղիչ աշխատանքային գաղութներ։ Ուրախ եմ ասելու, որ ես անուղղելի եմ մնացել, չեմ ուղղվել այդ առումով։ Իմ հայացքների, իմ դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել», - հայտարարեց արքեպիսկոպոսը:

Արշակ, Միքայել ու Բագրատ սրբազանները նույն խցում են փակված եղել։ Հիմա այնտեղ մնաց միայն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Ինչո՞վ էին զբաղված ազատությունից զրկված հոգևորականները, հետաքրքրվում էին լրագրողները։

«Կարդում էինք, մտածում էինք, խոսում էինք։ Ամենամեծ ափսոսանքը նաև այս պահին այդ է ինձ համար, որ Բագրատ սրբազանը խցում առանձին մնաց, և ուզում եմ, որ ամենքս էլ աղոթենք Բագրատ սրբազանի հոգու ամրության, պնդության համար, որը իհարկե այս ընթացքում չի պակասել, ես կարող եմ ասել, և Աստված տա՝ մի օր մենք բոլորս մեր համառ ցանկությունների արդյունքը կտեսնենք», - նշեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ հավելելով. - «Մի բան գիտեմ, ասեմ, ավարտենք. վերջը լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ»։

Արշակ սրբազանը Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնված հոգևորականներից է։ Մայր Աթոռի դեմ Փաշինյանի ծրագիրը համարում է հակաեկեղեցական արշավ, Փաշինյանի կոշտ քննադատներից է:

Վարչապետի ծրագրին չմիացած հոգևորականին բանտարկել էին ութ տարվա վաղեմության մի գործով, ըստ որի՝ 2018 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել: Բարձրաստիճան հոգևորականը մեղադրանքը չի ընդունում, այն որակում է քաղաքական հետապնդում. - «Որ այն ամենը, ինչ որ վերագրվել է ինձ, վերագրվում է, բացարձակապես կապ չունի իրականության հետ և ընդամենը փորձ է ահաբեկելու, փորձ է վախ ներշնչելու, որը, իհարկե, որևէ ազդեցություն չի կարող ունենալ»։

Լրագրողների հետ զրույցում հարցին՝ «բանտով, մեղադրանքներով, քրեական գործերով, այդ մեթոդը հոգևորականներին ճնշելու առումով աշխատո՞ւմ է», Մայր Աթոռի դիվանապետն արձագանքեց. - «Ես մի բան կարող եմ ասել, որ Գրիգոր Լուսավորիչը, իհարկե որևէ մեկս հավակնություն չունենք համեմատվելու Լուսավորչի հետ, մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակումը 13 կամ 14 տարի Խոր Վիրապում գտնվեց։ Դա որքան էլ անսպասելի, համենայն դեպս օրինաչափ երևույթ է։ Յուրաքանչյուր անձ պետք է պատրաստ լինի իր համոզումների, իր կարծիքի համար վճարել, անգամ եթե դա արժենալու է ազատազրկում»:

Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի գործի քննությունն էլ դեռ ընթացքում է։ Արքեպիսկոպոսը հենց սկզբից է պնդել՝ իրեն վերագրվող տեսանյութը կեղծ է, շինծու։ Պաշտպանական կողմը դիմել էր միջազգային փորձաքննության, ու, ըստ նրա փաստաբանի, երեք երկրների փորձագետները եզրահանգել են՝ Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութերը ստեղծված են արհեստական բանականությամբ։ Այսօր էլ սրբազանը պնդեց՝ այն կեղծ է։

Շաբաթներ առաջ քրեական գործ հարուցվեց ու մեղադրանք առաջադրվեց նաև Կաթողիկոսին ու յոթ հոգևորականների:

Ո՞ւր կհասնի իշխանությունը, հնարավո՞ր է՝ ճնշումները շարունակվեն, ու այս հակամարտությունն ավարտվի Փաշինյանի հաղթանակով, Կաթողիկոսը հեռանա Վեհարանից, ի՞նչ է կանխատեսում Մայր Աթոռի դիվանապետը։

«Զերծ կմնայի հաղթանակ, պարտություն եզրույթների օգտագործմամբ այս դեպքում։ Այն, ինչ որ կատարվում է, սա ուղղակի խայտառակություն է, և սա չի հարվածում միայն եկեղեցու հիմքերին՝ հարվածում է պետության հիմքերին, ազգի հիմքերին։ Գիտե՞ք, ազգ, պետություն հասկացությունները որոշակի պարունակություն, բովանդակություն ունեցող հասկացություններ են, և եթե դրանցից դուրս բերենք կրոնական համոզումը, որոշակի էլեմենտներ, տակը ոչինչ չի մնալու։ Հիմա եթե մենք պիտի համարենք հաղթանակ, որ ժողովրդի կրոնական համոզումի, կրոնական ինստիտուտի, ամենամեծ ինստիտուտի նկատմամբ ինչ-որ ոտնձգություն է կատարվում, և դա որոշակի հաջողություն է ունենում, դա հաղթանա՞կ է: Ես կարծում եմ՝ դա խորապես պյուռոսյան հաղթանակ է, ոչ մի հաղթանակ չի կարող այդպես կերտվել», - ընդգծեց Արշակ սրբազանը:

«Իսկ ինչ վերաբերվում է հաստատակամությանը մեր եկեղեցականներին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, ես ասել եմ վերջին մամուլի ասուլիսի ժամանակ, որ այն, ինչ որ ես տեսել եմ, այն, ինչին որ ես համոզված եմ, հնարավոր չէ, որ հետքայլ կատարվի և նահանջ կատարվի թե՛ Կաթողիկոսի կողմից և թե՛ այն իմ հոգևոր եղբայրների կողմից, ովքեր իրենց համոզումները հրապարակայնորեն արտահայտել են», - ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արշակ արքեպիսկոպոսը ազատ է արձակվել. փաստաբան«Արհեստական բանականությունն է գեներացրել Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութը»«Ակնոցն ու բակերը՝ որպես ապացույց». միջազգային փորձագետներ՝ տեսանյութը կեղծ է, Քննչական՝ Արշակ սրբազանն է