Չնայած Սիրայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է քուրդ զինյալների հետ հրադադարի մասին, օրվա երկրորդ կեսին նախատեսված Հալեպ-Երևան ու հակառակ ուղղությամբ՝ Երևան- Հալեպ չվերթներն այսօր չեղարկվել են:
Թռիչքներն իրականացնող Fly Cham-ի հայաստանյան ներկայացուցչությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ այսօր նախատեսված թռիչքները հետաձգվել են Հալեպում տիրող իրավիճակով պայմանավորված: Օդանավակայանը, ըստ նույն աղբյուրի, այսօր՝ մինչև կեսգիշեր, փակ է լինելու:
Եթե իրավիճակն ամբողջությամբ կարգավորվի, թռիչքները նախատեսում են իրականացնել հաջորդ երեքշաբթի՝ հունվարի 13-ին:
Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն «Ազատությանը» տեղեկացրեց՝ գիշերվա 3-ից բանակի հայտարարած զինադադարը Հալեպի քրդաբնակ թաղամասերում պահպանվում է. «Այսօր հանդարտ է Հալեպում»:
Ըստ հաղորդագրության՝ զինյալ խմբավորումներին այդ շրջաններից դուրս գալու հնարավորություն կտրվի: Սիրիական բանակի և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի զինյալների բախումները հայաշատ Շեյխ Թահա և Վիլլաներ թաղամասերին շատ մոտ էին:
«Հարակից շրջաններ են, մի քանի կիլոմետր հեռավորություն նույնիսկ չկա, դրա համար վտանգված է: Շենքերը վնասվել են, ապակիները կոտրվել են, բայց զոհեր և վիրավորներ, բարեբախտաբար, չունենք», - հավելեց Զարմիկ Պողիկյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հալեպահայերի տների վրա հրասանդեր են ընկել, տուժածներ չկան. Սիրիայում հայազգի պատգամավորՇատ հայեր տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են գիշերել, «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրի տեղեկություններով՝ մոտ 50 ընտանիք. «Ցերեկն արդեն վերադարձան: Այնտեղ նրանց համար ամեն ինչ ապահովված էր՝ սնունդ և այլն, ազգային առաջնորդարանը ապահովել էր: Կային ընտանիքներ, որոնք շատ վտանգավոր շրջաններում էին, այնտեղ հաստատվեցին, առավոտյան վերադարձան իրենց տներ»:
Պողիկյանը բախումների պահին քրոջ տանն է ապաստանել, վերադառնալով տան ապակները կոտրված է գտել. «Ես էլ քրոջս տուն տեղափոխվեցի, որովհետև մեր տունը ևս վտանգավոր գծի վրա էր, վերադարձին ապակիներն արդեն ջարդված էին պայթյունների ճնշումներից»:
Հարցին, թե այս բախումների ընթացքում Հայաստան վերադառնալու տրամադրություններ կայի՞ն, Պողիկյանը պատասխանեց. «Ո՛չ, չկային, որովհետև հստակ էր, որ այս բախումները կարճ շրջան կտևեին, մինչև բանակցությունները սկսվեցին: Այդ իրարանցումը չկար, բայց անապահով վիճակը շատ վատ էր»:
Սիրիայի կառավարական զորքերի և քուրդ զինյալների միջև մի քանի օր տևած մահացու բախումների հետևանքով 21 զոհի մասին է հայտարարվել, 140 հազար խաղաղ բնակիչ ստիպված է եղել փախչել իր տներից:
Օրվա երկրորդ կեսին Reuters-ը հաղորդեց, որ քրդական ուժերը հրաժարվել են զենքը վայր դնել՝ մերժելով Դամասկոսի տարհանման առաջարկը:
Իշխանությունը պահանջում է ինքնավարության ձգտող քրդերից վայր դնել զենքն ու ինտեգրվել Սիրիայի բանակին, ինչի մասին կողմերը համաձայնագիր էին ստորագրել անցած մարտին։ Պայմանավորվածությունը, սակայն, իրականություն չի դարձել՝ մի շարք տարաձայնությունների պատճառով։