ԱՄՆ-ն սպառնում է պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներով, Իրանը՝ ջախջախիչ պատասխանով

ԱՄՆ և Իրանի դրոշները, կոլաժ

Իրանը «ջախջախիչ» պատասխան կտա ԱՄՆ-ի ցանկացած նոր սպառնալիքի, հայտարարել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ժամեր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը խոստացավ պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները կիրառել Թեհրանի նկատմամբ:

Իրանի պաշտպանական արդյունաբերության օրվա առթիվ հղած ուղերձում գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նշել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են գործել բոլոր ուղղություններում՝ ծովում, ցամաքում, օդում, կիբեռտիրույթում և նույնիսկ տիեզերքում:

«Թշնամիների կողմից ցանկացած սխալ հաշվարկ և ... ի հայտ եկող ցանկացած սպառնալիք կարժանանա հեղափոխական, ջախջախիչ և կործանարար պատասխանների, որոնք ափսոսանք կառաջացնեն», - ասել է Աբդոլլահին:

Իրանի խորհրդարանի խոսնակն, իր հերթին, հայտարարել է, որ Թեհրանը պետք է ծրագրեր մշակի՝ ԱՄՆ-ի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու համար: Իրաք կատարած այցի ժամանակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ տնտեսական և տեղեկատվական ու հոգեբանական պատերազմ վարելու համար: Ամերիկա-իսրայելական ջանքերը, սակայն, արդյունք չեն տա, վստահեցրել է Ղալիբաֆը, որը երկրի ամենաազդեցիկ գործիչներից մեկն է ու ԱՄՆ-ի հետ Իրանի գլխավոր բանակցողը:

«Եթե նայեք, թե ինչ ռեսուրսներ և հումք ունեն մուսուլմանական երկրները, կհասկանաք, որ մեր թշնամիները գալիս են դրանք թալանելու: Հետևաբար՝ մենք պետք է անարդար պատժամիջոցների դեմ պայքարի ծրագրեր մշակենք, որպեսզի կարողանանք հաղթահարել դրանք», - ասել է Ղալիբաֆը:

Իրանի նախագահը ևս «ջախջախիչ պատասխան» է խոստացել ԱՄՆ ցանկացած հարձակման դեպքում: Սակայն Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ ավելի լավ է պատերազմն ավարտել հիմա: «Պատերազմը պետք է ավարտվի ինչ-որ պահի։ Ավելի լավ է պատերազմն ավարտել այսօր, քանի դեռ մենք ուժի և արժանապատվության դիրքերում ենք», - ասել է նա:

Մինչ այդ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել էր Իրանի նկատմամբ երբևէ կիրառված ամենակոշտ պատժամիջոցների մասին, որոնք, նրա պնդմամբ, ի վերջո կտապալեն իրանական ռեժիմը։ CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Սքոթ Բեսենթն ակնարկել է, թե տնտեսական ճնշումն ուժեղացնելու ծրագրերը նշանակում են, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի լայնածավալ ռազմական հարձակումները մոտ ապագայում հավանաբար չեն վերսկսվի։

«Այս պատժամիջոցներն արդյունավետ են: Ունենք գործողությունների կոմբինացիա՝ ունենք շրջափակումը և պատրաստվում ենք կիրառել պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները: Սա աշխատեց Վենեսուելայում, սա արդյունավետ է Կուբայի դեպքում և արդյունավետ կլինի Իրանի դեպքում: Մենք տապալելու ենք այս ռեժիմը», - պնդել է Բեսենթը:

ԱՄՆ ֆինանսների նախարարը նաև նշել է, որ Վաշինգտոնն իր բոլոր դաշնակիցներին կոչ է անում միանալ Իրանի դեմ տնտեսական պատերազմին, և հստակեցրել՝ եթե նրանցից որևէ մեկը ինչ-որ կերպ համագործակցի Իրանի հետ, Միացյալ Նահանգներն իր ողջ ուժն ու հզորությունը կօգտագործի նրանց դեմ: «Կա՛մ նրանք մեզ հետ են, կա՛մ մեր դեմ», - ասել է նա՝ հավելելով, որ պատժամիջոցների վերաբերյալ մանրամասներ ներկայացնի երկուշաբթի:

ԱՄՆ փոխնախագահն, իր հերթին, հայտարարել է, որ նոր պատժամիջոցներն ազդարարում են հակամարտության «նոր փուլի» մասին, որում տնտեսական ճնշումը Միացյալ Նահանգներին հասանելի «ամենաարդյունավետ» գործիքն է։ Ջեյ Դի Վենսը նշել է, որ երբ ԱՄՆ-ն սկսի կիրառել նոր պատժամիջոցները, Իրանն, իր հերթին, փորձելու է դիմադրել և իր հերթին տնտեսական ճնշում գործադրել ԱՄՆ-ի նկատմամբ:

«Սակայն իրականությունն այն է, որ վերջին մի քանի շաբաթներին նրանք շատ ավելի մեծ ճնշում են զգացել, քան մենք: Մենք շարունակելու ենք այդ ճնշումը, քանզի կարծում ենք, որ դա վերջնական նպատակին հասնելու լավագույն միջոցն է», - ասել է Վենսը:

Եվ մինչ Թեհրանն ու Վաշինգտոնը սպառնալիքներ են փոխանակում, ամերիկյան զինուժը շարունակում է Իրանի ծովային շրջափակումը: Իսկ Հորմուզի նեղուցում, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը, երթևեկությունը սահմանափակ է:

Reuters-ը հայտնում է, որ այս շաբաթ չինացի գնորդներին իրանական հում նավթի առաջարկները նվազել են: Գործակալությունը նաև նշում է, որ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար նախատեսված մատակարարումների քանակը ևս նվազել է հուլիս և օգոստոս ամիսների համեմատ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ սպառնալիքները ոչ մի դեպքում չեն վախեցնի, Իրանը «ջախջախիչ պատասխան» կտա. Փեզեշքիան Թեհրանը պետք է ծրագրեր մշակի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու համար. ՂալիբաֆԲեսենթը հայտարարել է՝ «պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները» Իրանի ռեժիմի փլուզմանը կհանգեցնեն Թրամփը Իրանին խստագույն պատժամիջոցներով է սպառնում, Թեհրանը հակադարձում է Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կիրառելով «սխալ հաշվարկներ» է անում. ՂարիբաբադիԹրամփի տնտեսական պատժամիջոցները կհանգեցնեն հետագա պարտությունների. Արաղչի«Հսկայական տնտեսական հետևանքներ». Թրամփը զգուշացրել է Իրանին աջակցող երկրներին