Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Թեհրանի նկատմամբ կկիրառի «պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները»՝ միաժամանակ ակնարկելով, որ տնտեսական ճնշումն ուժեղացնելու ծրագրերը նշանակում են, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի լայնածավալ ռազմական հարձակումները մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, չեն վերսկսվի։
«Սա մեկ-երկու հարված է։ Մենք ունենք [իրանական նավահանգիստների] շրջափակումը, և պատրաստվում ենք կիրառել պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները», - նախօրեին ամերիկյան CNBC հեռուստաալիքին ասել է Բեսենթը։ «Դա կաշխատի Իրանում, և մենք տապալելու ենք այս ռեժիմը»։
Բեսենթի հայտարարությունները հնչեցին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին արված սպառնալիքից մեկ օր անց։ Թրամփը սպառնացել էր Իրանի դեմ « տնտեսական պատերազմ և հսկայական մասշտաբով մեկուսացում» կիրառել և զգուշացրել էր, որ Իրանին աջակցող ցանկացած երկիր կբախվի լուրջ տնտեսական հետևանքների։
Թեհրանի նկատմամբ ճնշում գործադրելուց զատ՝ «Ցանկացած երկիր, որը թույլ կտա իր ֆինանսական հաստատություններին, ձեռնարկություններին, օդանավակայաններին կամ պետական կառույցներին որևէ տեսակի կենսական աջակցություն տրամադրել Իրանին, ինքն էլ կբախվի հսկայական տնտեսական հետևանքների»,- Truth Social հարթակում գրել էր Թրամփը:
«Սա լինելու է համաշխարհային պատմության մեջ երբևէ իրականացված ամենամեծ համակարգված տնտեսական մեկուսացումը», -ասել է Բեսենթը։ «Եվ մենք դիմում ենք [մեր դաշնակիցներին] ու ասում՝ կա՛մ մեզ հետ եք, կա՛մ մեր դեմ»։
Ո՛չ Թրամփը, ո՛չ էլ Բեսենթը մանրամասներ գրեթե չեն ներկայացրել։
Բեսենթը CNBC-ին հայտնել է, որ օգոստոսի 24-ին մամուլի ասուլիս կանցկացնի, որի ընթացքում «կխոսի այն մասին, թե կոնկրետ ինչ են պատրաստվում անել»։
Իրանի արտգործնախարարն էլ ավելի վաղ հայտարարել էր՝ Իրանի դեմ տնտեսական ամենախիստ պատժամիջոցների մասին Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը ընդամենը փորձ է՝ «շեղելու ուշադրությունը ԱՄՆ-ում առկա ճգնաժամից»: