Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը պետք է ծրագրեր մշակի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու համար։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարեց Իրանի նկատմամբ երբևէ կիրառված ամենակոշտ պատժամիջոցների մասին։
Ղալիբաֆը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է տնտեսական և «կոգնիտիվ» պատերազմ վարելու մեջ՝ հավելելով, որ նրանք չեն կարող հաղթել Իրանի և Իրաքի հետ ռազմական ուղիղ բախման ժամանակ:
«Եթե նայեք, թե ինչ ռեսուրսներ և հումք ունեն մուսուլմանական երկրները, կհասկանաք, որ մեր թշնամիները գալիս են դրանք թալանելու,- ասել է Ղալիբաֆը Բաղդադում Իրանի և Իրաքի գործարար ներկայացուցիչներին,- Հետևաբար, մենք պետք է անարդար պատժամիջոցների դեմ պայքարի ծրագրեր մշակենք՝ դրանք հաղթահարելու համար»։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Թեհրանի նկատմամբ կկիրառի «պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները»՝ միաժամանակ ակնարկելով, որ տնտեսական ճնշումն ուժեղացնելու ծրագրերը նշանակում են, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի լայնածավալ ռազմական հարձակումները մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, չեն վերսկսվի։
«Սա լինելու է համաշխարհային պատմության մեջ երբևէ իրականացված ամենամեծ համակարգված տնտեսական մեկուսացումը», -ասել է Բեսենթը։ «Եվ մենք դիմում ենք [մեր դաշնակիցներին] ու ասում՝ կա՛մ մեզ հետ եք, կա՛մ մեր դեմ»։