Միացյալ Նահանգների սպառնալիքները ոչ մի դեպքում չեն վախեցնի Իրանին, որն ուժով կարձագանքի ցանկացած նոր հարձակման, հայտարարել է Իրանի նախագահը:
«Սպառնալիքները ոչ մի դեպքում չեն վախեցնի մեզ: Մենք կդիմադրենք նրանց մինչև վերջին շունչը և ջախջախիչ պատասխան կտանք», - ասել է Մասուդ Փեզեշքիանը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ավելի լավ է պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանը «ուժի և արժանապատվության դիրքում» է: «Պատերազմը պետք է ավարտվի ինչ-որ պահի։ Ավելի լավ է պատերազմն ավարտել այսօր, քանի դեռ մենք ուժի և արժանապատվության դիրքում ենք», - ասել է նա:
Իրանի նախագահն ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնագիրը որակել է որպես «մեծ նվաճում»: «Նրանք այս համաձայնագրում չեն կարողանում գտնել նույնիսկ մեկ կետ, որը վկայում է հանձնվելու մասին։ Բոլոր պարտավորությունները մյուս կողմում են», - ասել է իրանցի պաշտոնյան:
Իրանի նախագահը նաև նշել է, որ Թեհրանը չպետք է մերժի խաղաղությունը, այլ պետք է զգոն լինի հնարավոր խաբեության զոհը չդառնալու համար:
Փեզեշքիանն ընդունել է, որ հակամարտության և Իրանի ծովային շրջափակման հետևանքով առաջացած գնաճը և տնտեսական ճնշումները խնդիրներ են ստեղծում երկրի համար: Ըստ նրա՝ առճակատման կողմնակիցները նույնպես պետք է ընդունեն դրա հետևանքները։ «Երբ մենք կարգախոսներ ենք բարձրացնում, մենք պետք է ընդունենք դրանց հետ կապված դժվարությունները»,- ասել է նա:
Փեզեշքիանի հայտարարությունները հնչում են այն բանից հետո, երբ Վաշինգտոնը խոստացավ «պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները» կիրառել Իրանի նկատմամբ: