ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ զինծառայողների զոհվելուց հետո

Ամերիկյան ռազմանավից արձակված զինատեսակ - ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն, 18-ը հուլիսի, 2026թ․

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ նոր օդային հարվածներ են հասցրել Իրանին: Սա տեղի է ունենում ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հաստատվեց, որ Հորդանանում Թեհրանի կողմից իրականացված հարձակումների ժամանակ պաշտպանական գործողությունների ընթացքում զոհվել են ամերիկացի երկու զինվորներ, ևս մեկն՝ անհետ կորել:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարության մեջ նշել է, որ ավիահարվածները սկսվել են շաբաթ օրը՝ ժամը 18:00-ին:

«Հարվածները նպատակ ունեն Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացությանը սպառնալու Իրանի կարողությունն էլ ավելի թուլացնել և արագորեն պատժել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի այն ուժերին, որոնք անցած գիշեր Հորդանանում հարձակումներ էին գործել ամերիկացի զինծառայողների դեմ», - ասվում է Կենտրոնական հրամանատարության տարածած հայտարարության մեջ։

Ավելի ուշ Կենտրոնական հրամանատարությունը հայտնեց, որ ավարտել է հարվածների իրականացումը՝ խոցելով Իրանի զինված ուժերի առափնյա հսկողության և հակաօդային պաշտպանության ենթակառուցվածքները:

Իրանական «Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան ուժերը հարձակում են իրականացրել Իրանի հարավում Սիրիկ քաղաքի մոտակայքում՝ հավելելով, որ տուժածների և վնասված ենթակառուցվածքների մասին տեղեկություններ չկան։ «Թասնիմ»-ն էլ հաղորդել է, որ ԱՄՆ զինված ուժերը նաև թիրախավորել են Շադեգան քաղաքի մոտակայքում գտնվող մի վայր, որը մոտ է Իրաքի սահմանին:

Իրանական պատասխան հարվածների թիրախում այս գիշեր Քուվեյթն է հայտնվել։ Հղում անելով զինված ուժերին՝ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ բանակը դրոնային հարձակման է ենթարկել «Ալ-Ադիրի» և «Ալի Ալ Սալեմ» ավիաբազաներում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտները։ Երկու բազաներն էլ թիրախավորվել են անցյալ շաբաթվանից ի վեր Իրանի կողմից Պարսից ծոցում ԱՄՆ ակտիվների և դաշնակիցների դեմ հարձակումների շրջանակում։

Նախօրեին էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր Քուվեյթում, Բահրեյնում և Հորդնանում ԱՄՆ-ի հետ փոխկապակցվող թիրախներին հասցված հարվածների մասին։

Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, Reuters-ը, վկայակոչելով իրազեկ երկու աղբյուրի, հայտնել էր՝ նախօրեին իրանական հրթիռային հարձակման հետևանքով երկու բնակավայրում օդային տագնապ է հայտարարվել։ Թեհրանը Սաուդյան Արաբիային թիրախավորելու մասին չի հայտարարել, իսկ երկրի կառավարության մամուլի ծառայությունից չեն պատասխանել Reuters-ի հարցմանը։

ԱՄՆ-ն և Իրանն անցյալ շաբաթ ակտիվացրել են հարձակումները՝ մեկ ամիս առաջ ստորագրված ժամանակավոր հրադադարի համաձայնագրի չեղարկումից հետո, հուշագրի խախտումների վերաբերյալ երկուստեք մեղադրանքներից հետո, ինչը մեծացրել է լայնածավալ պատերազմի վերսկսման հնարավորությունը:

«Իրանը կասեցրել է Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ագրեսիվ գործողությունների միջոցով խախտել է իր սեփական պարտավորությունները»,- իրանական կիսապաշտոնական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:

Ամսվա սկզբին էլ նախագահ Թրամփն էր հայտարարել, որ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու նպատակով ստորագրված փոխըմբռնման հուշագիրն «ավարտված է», հավելելով, որ այլևս չի ցանկանում շփվել Թեհրանի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, թե Թեհրանը ԱՄՆ-ին «անմոռանալի դասեր» կտա

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն շարունակել է հարվածները Իրանին, Թեհրանը սպառնում է «լայնածավալ գործողություններով»