ԱՄՆ-ն Իրան ուղևորվող տանկեր է խոցել

Ամերիկյան հարված Իրանին - ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն, 15-ը հուլիսի, 2026թ․

ԱՄՆ-ն դեպի իրանական նավահանգիստ ուղևորվող դատարկ նավթատար է խոցել, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

Ըստ զինվորական կառույցի՝ Կյուրասաոյի դրոշի ներքո նավարկող «Belma» տանկերը միջազգային ջրերով շարժվում էր Իրանի Խարգ կղզու ուղղությամբ։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության առանցքային թեմաներից մեկը Հորմուզի նեղուցն է, որով մինչև պատերազմն անցնում էր աշխարհում սպառվող նավթի և բնական գազի շուրջ 20 տոկոսը։

Փոխադարձ հարվածների հինգերորդ գիշերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով՝ իրանական նավահանգիստների շրջափակումը վերականգնելուց հետո Միացյալ Նահանգները հինգերորդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանի առափնյա ռազմական օբյեկտներին և հրթիռային կայանքներին, հայտնում է Reuters-ը՝ հաղորդելով նաև ԱՄՆ դաշնակիցներին հասցված իրանական հարվածների մասին։

«ԱՄՆ ուժերը հարվածել են իրանական հրամանատարական շտաբերին, հակաօդային պաշտպանության կայանքներին, հրթիռային և դրոնային կարողություններին, ինչպես նաև առափնյա հսկողության օբյեկտներին», - հայտնել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից՝ նշելով, որ հարձակման այս փուլն ամփոփվել է։

Իրանական պետական ԶԼՄ-ները հաղորդել են նավահանգստային Բանդար Աբբաս և Չաբահար քաղաքներում, ինչպես նաև Իրաքի սահմանին մոտ Ահվազ քաղաքում պայթյունների մասին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ տարածաշրջանի ամերիկյան օբյեկտներին է հարվածել՝ մանրամասնելով, որ Քուվեյթի «Ալի Ալ Սալեմ» ավիաբազայում ամերիկացի զինծառայողների է թիրախավորել։ Պենտագոնից արձագանք այս մասով դեռ չկա։

Պարսից ծոցում Վաշինգտոնի դաշնակից Քուվեյթը տեղեկացրել է, որ իր զինուժը Իրանից արձակված չորս հրթիռ և 21 անօդաչու է որսացել։

Իրանի բանակի թիրախում նաև հորդանանյան «Ազրաք» ռազմաբազայում տեղակայված ամերիկյան հաղորդակցական համակարգեր և վառելիքի պահեստներ են եղել։

Հորդանանի պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկրի բանակն ութ իրանական հրթիռ է վնասազերծել։

Թրամփի համոզմամբ՝ Իրանը «շուտով կպարտվի»

Նախագահ Թրամփը Փենսիլվանիայում հայտարարել է, թե Իրանը «շուտով կպարտվի»։

«Կպարզենք՝ ուզում ենք կարգավորմա՞ն գնալ նրանց հետ, թե՞ պարզապես ավարտին հասցնել գործը», - նշել է Թրամփը՝ ամերիկյան սպառազինություն արտադրող ընկերություններին հորդորելով արագացնել արտադրության տեմպերը։

Ղալիբաֆը «գոյութենական պատերազմի» մասին է խոսել

Ամերիկացիների հետ բանակցություններում Թեհրանի պատվիրակության ղեկավար, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, թե Իրանի անվտանգությունը Հորմուզի նեղուցում «իրանական կարգավորումների» պահպանումից է կախված։

«Կարևոր և գոյութենական պատերազմի մեջ ենք Ամերիկայի հետ», - ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախման նոր փուլը սկսվեց հուլիսի 7-ին, երբ Վաշինգտոնը վերսկսեց հարվածները՝ Թեհրանին մեղադրելով Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումների համար։ Իրանի պատասխան հարվածների թիրախում էլ հայտնվեցին Պարսից ծոցի՝ ԱՄՆ-ի դաշնակից երկրները։

ԱՄՆ-Իրան պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ առևտրային նավերը 60 օր անվճար պետք է անցնեն նեղուցով, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ է սպասվում 60-օրյա ժամկետի լրանալուց հետո։ Թեհրանը պնդում է, որ մատուցված ծառայությունների դիմաց իրավունք ունի վճարներ գանձել ջրային ուղուց օգտվող նավերից, մինչդեռ Վաշինգտոնից հակադարձում են՝ Թեհրանը դա չի կարող անել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են՝ վերսկսել են հարվածներն Իրանի դեմԻրանը հայտնում է՝ ԱՄՆ-ի հարվածներից առնվազն 7 զինծառայող է զոհվելԱՄՆ-Իրան փոխհրաձգություն․ Թրամփը սպառնում է «շարքից հանել» Իրանի էլեկտրակայաններըԱՄՆ-ը Իրանի նավթային ցանցի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել