ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ է սահմանել իրանցի գործարար Մոհամադ Հոսեյն Շամխանիի նավթային և ծովային փոխադրումների ցանցի նկատմամբ՝ այն անվանելով Իրանի նավթի արտահանման հիմնական օղակներից մեկը։
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցները վերաբերում են 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև նավերին, որոնք, ըստ Վաշինգտոնի, օգնում են շրջանցել միջազգային սահմանափակումներն ու ապահովում են Իրանի նավթային եկամուտները։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է. «Իրանի ռեժիմը գոյատևում է ստի և «Շամխանի» ցանցի շնորհիվ, որը նրա ամենաեկամտաբեր գործիքներից մեկն է։ Ֆինանսների նախարարությունը փակում է այն ֆինանսական ենթակառուցվածքը, որը ռեժիմին հնարավորություն է տալիս շարունակել սպառնալ Միացյալ Նահանգներին և համաշխարհային ծովային փոխադրումներին»։
ԱՄՆ-ի տվյալներով՝ պատժամիջոցների թիրախում են հայտնվել նաև Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի և Իտալիայի քաղաքացիներ, որոնք, ըստ Վաշինգտոնի, ներգրավված են եղել Շամխանիի ցանցի գործունեության մեջ։
Ֆինանսների նախարարությունը նշում է, որ սա Շամխանիի ցանցի նկատմամբ վերջին ամիսներին սահմանված պատժամիջոցների շարունակությունն է, և այժմ դրա շրջանակում պատժամիջոցների տակ հայտնված անձանց, ընկերությունների և նավերի թիվն արդեն գերազանցում է 200-ը։