ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է

Հորմուզի նեղուցը, արխիվ

ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ իրանական ուժերի կողմից բեռնանավի թիրախավորումից հետո։ Թեհրանն, իր հերթին, հայտարարել է, որ դարձյալ փակել է Հորմուզի նեղուցը, իսկ Ծոցի որոշ երկրներ ենթարկվել են հարձակման, գրում է Reuters-ը։

Ըստ ամերիկյան կողմի՝ Թեհրանի թիրախում հայտնված նավը Կիպրոսի դրոշի ներքո էր նավարկում։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության փոխանցմամբ՝ նավը լրջորեն վնասվել է, իսկ անձնակազմի անդամներից մեկի գտնվելու վայրն անհայտ է։ Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործակալության տվյալով՝ բեռնանավի անձնակազմը թողել է նավը և փրկանավակի վրա է գտնվում։

Թեհրանից պարզաբանել են, որ բեռնանավին հասցված նախազգուշական կրակոցից հետո են փակել նեղուցը, քանի որ նավը չհաստատված երթուղով էր ընթանում։

Համաշխարհային մատակարարումների համար առանցքային ջրային ուղին փակ կմնա «մինչև տարածաշրջանում ամերիկյան միջամտության ավարտը», ընդգծել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ)՝ հավելելով, որ ամերիկյան նոր ռազմական գործողությունների դեպքում կշարունակեն թիրախավորել տարածաշրջանի «թշնամական ռազմաբազաները»։

Այս հայտարարությունից գրեթե մեկ ժամ անց ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնեց Իրանին հասցված հերթական հարվածների մասին։ Ավելի ուշ զինվորական կառույցից մանրամասնել են, որ շուրջ 140 ռազմական օբյեկտ են թիրախավորել։

Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են երկրի մի քանի նավահանգստային քաղաքներում պայթյունների մասին։

Ավելի ուշ, ԻՀՊԿ-ն հայտարարեց ԱՄՆ դաշնակից Հորդանանում տեղակայված ռազմաբազայի հրամանատարական շտաբ և անօդաչուների անգարներ ոչնչացնելու մասին։

Արաբական Միացյալ Էմիրություններից իրանական անօդաչուներն ու հրթիռները վնասազերծելու գործողությունների մասին են հայտնել, մինչդեռ Կատարը հաստատել է, որ իրանական հրթիռ է խոցել։

Reuters-ը գրում է, որ Կատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են լսվել, իսկ Բահրեյնում օդային տագնապ է հայտարարվել։

ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախման ամենաթարմ էջը հուլիսի 7-ին սկսվեց։ Միացյալ Նահանգները Թեհրանից պահանջում է հրապարակայնորեն ընդունել, որ Իրանը խախտել է փետրվարի 28-ին սկսված պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագրի պայմանները՝ գնդակոծելով քաղաքացիական նավերը Հորմուզի նեղուցում, հաղորդել է CBS-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտնել է՝ Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները, ԱՄՆ-ն համաձայնել է

Նույն ներկայացուցիչը, ըստ հեռուստաալիքի, պնդել է, թե Իրանի պաշտոնյաները մասնավոր կարգով ընդունել են, որ «սխալ» են գործել՝ գնդակոծելով նավերը: Հրապարակայնորեն, սակայն, Իրանը չի ընդունել դա, ընդհակառակը՝ ԱՄՆ-ին է մեղադրում հուշագիրը խախտելու մեջ: Մասնավորապես, երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին գրել է, թե համաձայնությունը խախտել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը՝ հայտարարելով Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին:

Խամենեին վրեժի մասին է խոսել

Սրվող իրադրության ֆոնին՝ Իրանում արդեն վրեժխնդրության մտադրության մասին են բարձրաձայնում։

«Խոստանում ենք վրեժ լուծել մեր նահատակված առաջնորդի և բոլոր նահատակների արյան համար», - շաբաթ օրը տարածված գրավոր ուղերձում հայտարարել է ամերիկա-իսրայելական պատերազմի ժամանակ սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին, երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, որը պաշտոնը մարտին ստանձնելուց ցայսօր չի երևացել հանրության առջև։

Մինչ փոխհրաձգությունը չի դադարում, միջնորդավորված բանակցությունները կողմերի միջև շարունակվում են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան օբյեկտները թիրախավորելու մասինԻսրայելը ԱՄՆ-ին փոխանցել է հետախուզական տվյալներ՝ Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու Իրանի ծրագրերի մասինԱՄՆ հարվածներից տասնյակ զոհեր և վիրավորներ Իրանի հինգ նահանգներում. Թեհրանը պատասխանել էԹրամփը հայտարարել է Իրանին հասցված «շատ ուժեղ» հարվածների մասին, Իրանը հարևաններին է թիրախավորելԿատարը կրկին բանակցում է Վաշինգտոնի և Թեհրանի հետԹրամփ. Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ժամանակավոր համաձայնագիրն «ավարտված է»ԱՄՆ-ը հարվածել է Իրանին, Թեհրանն էլ՝ Պարսից ծոցում ամերիկյան օբյեկտներին