Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը երեկվանից լուռ է, իսկ իշխող ՔՊ-ականները հրաժարվում են արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր հարցը լսելուց հետո ասաց, թե մեկնաբանություն տալու «ցանկություն չունի»: ՔՊ պատգամավորներ, խորհրդարանի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանն ու Էմմա Պալյանն էլ տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին արձագանքել:
Նախօրեին Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է արտգործնախարար Գիդեոն Սաարի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անձամբ է հայտարարել՝ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին:
Կառավարության հավանությանն արժանանալուց հետո նախագիծը պետք է ուղարկվի խորհրդարան՝ Քնեսեթ: Պարզ չէ, սակայն, արդյոք գործող խորհրդարանը կհասցնի քննարկել և ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը:
The Times of Israel-ը տեղեկացնում է, որ մոտ 2 շաբաթից՝ հուլիսի 16-ին Քնեսեթը, ամենայն հավանականությամբ, այսպես կոչված նախընտրական արձակուրդ է գնալու, իսկ արդեն աշնանը նախատեսված են նոր ընտրություններ:
Ընդդիմությունը ողջունում է Իսրայելի կառավարության որոշումը
Մինչ ԱԳՆ ու իշխող ՔՊ-ի ներկայացուցիչները լռում են, ընդդիմությունը ողջունում է Իսրայելի կառավարության որոշումը:
«Դրական ենք գնահատում և ակնկալում ենք, որ Քնեսեթը կողմ կքվեարկի ներկայացված բանաձևին: Այո, ամբողջ աշխարհը պետք է ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը», - ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական հարց է, և յուրաքանչյուր պետություն, որ ճանաչում է, այդ կերպ քաղաքական խնդիր է լուծում:
Թե ի՞նչ նպատակներ է հետապնդում իր այս քայլով Իսրայելը, որը այսօր լուրջ հակասություններ ունի Թուրքիայի հետ, դաշնակցական պատգամավորը էական չի համարում, կարևորն, ըստ նրա, այն է, որ Իսրայելի կառավարության որոշումը բխում է նաև Հայաստանի շահերից: Իսկ Հայաստանի համար կարևոր է, որ աշխարհը ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը:
«Հիմա տասնյակ երկրներ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչն էր պատճառը, որ Ֆրանսիան ճանաչեց, Ռուսաստանը, Ուրուգվայը, կարևոր է, որ երկրները շարունակում են այս գործընթացը: Եվ այն երեք երկրներից մեկը, որոնք ասում են՝ չէ, այդ հարցը պետք է հանել օրակարգից, Հայաստանի Հանրապետությունն է Նիկոլ Փաշինյանի օրոք, Ադրբեջանն ու Թուրքիան են»», - ասաց Խաչատրյանը:
Իսրայելի կառավարության քայլը շտապել են քննադատել Բաքուն և Անկարան
Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել է, թե 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստերը «խեղաթյուրվում են», իսկ այդ թեման քաղաքական որոշման առարկա դարձնելն անընդունելի է։
«Իսրայելի այս քայլը չի նպաստում հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, ընդհակառակը, խորացնում է հակասությունները և խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը վերանայել այդ որոշումը», - ասված է հայտարարությունում։
Առավել կոշտ են արձագանքել Հայոց ցեղասպանության փաստը ժխտող Անկարայից: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշմամբ» Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները» պաղեստինցի ժողովրդի դեմ։
«Իրավական և պատմական փաստերն արհամարհող այս չարակամ փորձը ի ցույց է դնում այն դժվար կացությունը, որում գտնվում են Նեթանյահուն և նրա հանցակիցները, որոնց դեմ ձերբակալման օրդերներ են արձակվել պաղեստինցիների դեմ հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի հետաքննության համատեքստում», - նշվում է ԱԳՆ հայտարարությունում:
Այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում, այդ մասին դեռևս անցած տարի հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Անցած տարվա հունվարին վարչապետը շվեցարահայ համայնքի հետ հանդիպմանն ասել էր, թե դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչո՞ւ և ո՞ւմ միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Կոշտ քննադատությունից հետո Փաշինյանը վերահաստատել էր՝ Հայոց ցեղասպանությունը չի ուրացել: