Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է նախօրեին Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ հայտարարելով, որ «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշմամբ» Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները» պաղեստինցի ժողովրդի դեմ։
«Իրավական և պատմական փաստերն արհամարհող այս չարակամ փորձը ի ցույց է դնում այն դժվար կացությունը, որում գտնվում են Նեթանյահուն և նրա հանցակիցները, որոնց դեմ ձերբակալման օրդերներ են արձակվել պաղեստինցիների դեմ հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի հետաքննության համատեքստում», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունից ընդգծել են, որ Անկարան շարունակելու է պայքարել Նեթանյահուի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու համար։
«Երբեք ուշ չէ ճիշտ բան անել, - նախօրեին հայտարարեց Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը՝ հավելելով․ - Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին:
Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել այս որոշմանը: