ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը փորձում է սեփական որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա՝ ընդգծելով, որ երկիրը շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ։
«Մենք Երևանին դուրս չենք թողնում մեր համագործակցությունից՝ գործընկերների համար պահպանելով կազմակերպության շրջանակում մշակվող բոլոր որոշումների ընդունմանը միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից փոխադարձ քայլեր չենք տեսնում։ Ավելին՝ ընդհակառակը, կրկին ակնհայտ են սեփական որոշումների պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձերը», - ընդգծել է Պանկինը։
Այս կապակցությամբ ՌԴ ԱԳՆ փոխնախարարը հիշեցրել է, որ «ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն՝ անդամ պետությունը կարող է զրկվել ձայնի իրավունքից՝ մինչև կուտակված անդամավճարների ամբողջական մարումը»։
Օրերս Կրեմլի խոսնակն էր հայտնել, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի հենց կազմակերպության ներսում քննարկումների արդյունքում։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ չէր բացառել, որ մոսկովյան գագաթնաժողովում «հանգամանորեն քննարկվի» ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը։
ՀԱՊԿ գագաթնաժողովն անցկացվելու է Մոսկվայում նոյեմբերի 11-ին: Ավելի վաղ կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտնել էր, Ռուսաստանը որոշման նախագիծ է ներկայացրել ՀԱՊԿ-ում ձայնի, քվոտային պաշտոններում առաջադրումներ անելու Հայաստանի իրավունքը կասեցնելու վերաբերյալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանն առաջարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանին զրկել ձայնի և առաջադրումների իրավունքներիցԴեռ այս տարվա օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե շատ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից: Հոկտեմբերին էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր ընդգծել, որ Երևանը ՀԱՊԿ-ի նկատմամբ վերաբերմունքը չի փոխել և այդ կառույց վերադառնալ չի պատրաստվում:
Մի քանի օր առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Հայաստանի բոլոր հետաքրքրությունները ՀԱՊԿ-ի նկատմամբ սպառված են: Երևանը, սակայն, ռազմական դաշինքը լքելու պաշտոնական դիմում չի ներկայացրել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀԱՊԿ-ի հետ կապված Երևանի «հետաքրքրությունները սպառված են»Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։ 2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։
Անդրադառնալով նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինն այսօր ասել է, որ պետությունների ղեկավարների հաստատմանը կներկայացվի փաստաթղթերի մեծ փաթեթ՝ ուղղված ՀԱՊԿ-ի ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության պահպանման գործում նրա դերի բարձրացմանը:
«Նիստում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր, ինչպես նաև կսահմանվեն ՀԱՊԿ շրջանակում հետագա համագործակցության հիմնական ուղղությունները»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը։