Մատչելիության հղումներ

Երևանը ՀԱՊԿ վերադառնալու մտադրություն չունի

ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի դրոշները:
ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի դրոշները:

Երևանը ՀԱՊԿ-ի նկատմամբ վերաբերմունքը չի փոխել և այդ կառույց վերադառնալ չի պատրաստվում, լրագրողներին այսօր հայտնել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք վաղուց մեր մասնակցությունը այդ կառույցի աշխատանքներին դադարեցրել ենք, մեր անդամակցությունը սառեցրել ենք», - ասել է նախարարը:

Օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտնել էր, որ ՀԱՊԿ պետությունների ղեկավարները հավանաբար կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում: Այդ առաջարկը կարող է ներկայացնել կառույցը նախագահող երկիր Ռուսաստանը կամ կազմակերպության անդամ մեկ այլ պետություն։

Ըստ Մասադիկովի՝ Հայաստանն ինքն արդեն փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից, միևնույն ժամանակ կազմակերպությունը շարունակում է փաստաթղթեր ուղարկել համաձայնեցման, սակայն Երևանը չի մասնակցում դրանց քննարկմանն ու որոշումների ընդունմանը, բայցև չի առարկում, որ մյուս անդամները որոշումներ կայացնեն առանց իր մասնակցության։

Ռազմական դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունները արդեն տարիներ շարունակ հարթ չեն. Երևանը բոյկոտում է կազմակերպության նիստերը, չի մուծում անդամավճարը, չի լրացնում Հայաստանին հատկացված քվոտային հաստիքները՝ դժգոհելով, որ դաշնակիցները չեն աջակցել Հայաստանի վրա 2021, 2022 թվականների ադրբեջանական հարձակումների ժամանակ: Միաժամանակ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու պաշտոնական դիմում չի ներկայացրել և առաջարկում է, որ կառույցից Երևանին հեռացնեն դաշինքի անդամ մյուս պետությունները:


​
XS
SM
MD
LG