Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի հետ կապված Երևանի «հետաքրքրությունները սպառված են»

Ուզում եմ մեկընդմիշտ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հայտարարություններին:

Մասադիկովը երեկ ասել էր, որ Ռուսաստանը որոշման նախագիծ է ներկայացրել ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի, քվոտային պաշտոններում առաջադրումներ անելու իրավունքը կասեցնելու վերաբերյալ:

Մեկ շաբաթ առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը ՀԱՊԿ-ի նկատմամբ վերաբերմունքը չի փոխել և այդ կառույց վերադառնալ չի պատրաստվում: Օգոստոսին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե շատ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից:

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։


​
XS
SM
MD
LG