Մատչելիության հղումներ

Կրեմլը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության հարցի հնարավոր քննարկման մասին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության հարցը կլուծվի հենց կազմակերպությունում քննարկման արդյունքներով, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակը:

«Իրոք, որոշակի քայլեր են նախատեսված [ՀԱՊԿ] կանոնադրային փաստաթղթերում, դե իսկ այնուհետև ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ բնույթի քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակում», - ռուսաստանյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ ասել է Դմիտրի Պեսկովը:

Հայաստանն այժմ փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Անվտանգության ոլորտում Հայաստանի հետ հարաբերությունների վիճակին առնչվող հարցին Պեսկովն արձագանքել է. - «Այդպիսիք չկան, ըստ էության»:

Լրագրողները, մասնավորապես, Կրեմլի խոսնակին խնդրել էին մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Երևանի «հետաքրքրությունները սպառված են»:

ՀԱՊԿ գագաթնաժողովն անցկացվելու է Մոսկվայում նոյեմբերի 11-ին: Երկու օր առաջ կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտնել է, որ Ռուսաստանը որոշման նախագիծ է ներկայացրել ՀԱՊԿ-ում ձայնի, քվոտային պաշտոններում առաջադրումներ անելու Հայաստանի իրավունքը կասեցնելու վերաբերյալ:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ այսօր չի բացառել, որ մոսկովյան գագաթնաժողովում «հանգամանորեն քննարկվի» ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը: «Երևանը կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին մասնակցությանը, սակայն նրան այնտեղ ոչ ոք բռնի ուժով չի պահի», - հայտարարել է Զախարովան:

Օգոստոսին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե շատ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից: Մեկ շաբաթ առաջ էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր ընդգծել, որ Երևանը ՀԱՊԿ-ի նկատմամբ վերաբերմունքը չի փոխել և այդ կառույց վերադառնալ չի պատրաստվում: «Մենք վաղուց մեր մասնակցությունը այդ կառույցի աշխատանքներին դադարեցրել ենք, մեր անդամակցությունը սառեցրել ենք», - ասել էր Միրզոյանը:

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG