Հորմուզի հարցով հանդիպումը հետաձգվել է, Իրանը 77 նավի «սև ցուցակ» է հրապարակել

Հորմուզի նեղուցը, արխիվ

Հորմուզի նեղուցով նավագնացության հարցը քննարկելու նպատակով Օմանում Պարսից ծոցի երկրների և Իրանի միջև այսօր նախատեսված հանդիպումը հետաձգվել է, սոցցանցում հայտնել է Օմանի արտգործնախարարը։

«Կոնսենսուսը պահպանելու նպատակով Սալալա քաղաքում նախատեսված տարածաշրջանային հանդիպումը հետաձգվել է։ Մենք շարունակում ենք հանձնառու լինել մեր տարածաշրջանում կայունությանը և երկարատև համագործակցությանը նպաստող երկխոսության խթանմանը»,- գրել է Բադր Ալբուսաիդին:

Սաուդյան Արաբիայի խնդրանքով

Իրանի Արտգործնախարարության Պարսից ծոցի հարցերով բաժնի ղեկավարը «Ֆարս» գործակալությանն ասել է, որ հանդիպումը հետաձգվել է «Թեհրանի ու Մասկատի համատեղ որոշմամբ և տարածաշրջանի որոշ երկրների խնդրանքով»։ Թե կոնկրետ որ երկրների, պաշտոնյան չի նշել: Սակայն Իրանի արգործնախարարության խոսնակը հստակեցրել է, որ այն չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով՝ Եմենում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:

Եմենում Իրանի աջակցությունը վայելող հութիներն անցած շաբաթ հարվածներ էին հասցրել ԱՄՆ դաշնակից և հարևան Սաուդյան Արաբիային, գրավել Եմենում Կարմիր ծովի՝ ողջ ափամերձ հատվածը, ինչի հետևանքով Էլ-Ռիադը կարող է լուրջ խնդիրների բախվել իր նավթն ասիական երկրներ արտահանելու գործում:

Էսմայիլ Բաղային հերքել է լուրերը, թե Թեհրանը տեղյակ է եղել կամ որևէ դեր է խաղացել Սաուդյան Արաբիայի ռազմավարական Արևելք-Արևմուտք նավթամուղի վրա հութիների հարձակմանը: Բաղային ասել է, որ Իրանը Եմենի իրադարությունների հետ առնչություն չունի, ապա պնդել է՝ Մերձավոր Արևելքում իսլամական երկրների միջև բախումները միայն մեկ երկրի են ձեռնտու՝ Իսրայելին:

«Տարածաշրջանում իսլամական երկրների միջև պատերազմն ունի միայն մեկ հաղթող, և դա միայն սիոնիստական ռեժիմն է, որը ձգտում է մեր տարածաշրջանում և իսլամական երկրների միջև լարվածությունն ու անկայունությունը դարձնել մշտական»,- հայտարարել է Էսմայիլ Բաղային:

Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ Հորմուզով երթևեկության հարցում «արտաքին ուժերը» ոչինչ չեն կարող թելադրել, ապա հերքել է պնդումները, թե Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցվել:

77 նոր նավ՝ Իրանի նոր «սև ցուցակում»

Ու մինչ Օմանի քննարկումը հետաձգվում է, Հորմուզով նավարկությունը կարգավորելու համար պատերազմի ընթացքում Թեհրանի ստեղծած Պարսից ծոցի նեղուցի վարչությունը հրապարակել է 77 նավի նոր ցուցակ՝ պնդելով, որ դրանք խախտում են նեղուցով անցնելու՝ Իրանի սահմանած կարգը:

Վարչությունը նշել է, որ այս նավերն ապագայում սահմանափակումների կենթարկվեն նեղուցով անցնելիս, այդ թվում՝ տուգանքների, կալանման կամ բռնագրավման: Կարգավորիչ մարմինը նաև հայտնել է, որ ապահովագրական ընկերություններին և բոլոր շահագրգիռ մարմիններին զգուշացվել է ձեռնպահ մնալ այս նավերին ծառայություններ մատուցելուց՝ դրանից «բխող հետևանքներից խուսափելու համար»։

Նավագնացությանը հետևող կազմակերպությունների տվյալներով՝ հանգստյան օրերին օրական 10-ից էլ քիչ նավ է անցել նեղուցով, ինչը զգալիորեն ցածր է տասնօրյա միջին ցուցանիշից։ Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Իրանը պնդում են, որ իրենք են վերահսկում նեղուցը, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Մերձավոր Արևելքում լարվածությանը զուգահեռ նավթի գինը շարունակում է բարձր մնալ՝ 108 դոլար մեկ բարելի դիմաց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանին մեկուսացնել հնարավոր չէ, իսկ Հորմուզի հարցում «արտաքին ուժերը» չեն թելադրի. ԲաղայիՀորմուզի հարցով Օմանում այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել էՀորմուզում արկը իրանական նավի է հարվածել, 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել Իրանը հայտարարել է, որ Հորմուզում ամերիկյան ջրային դրոն է խոցելԻրանը հայտնում է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել երկրի տարբեր շրջանների