Հորմուզի նեղուցի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի քննարկման նպատակով Օմանում Պարսից ծոցի երկրների և Իրանի միջև այսօր նախատեսված հանդիպումը հետաձգվել է, X-ում հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդին։
«Կոնսենսուսի հասնելու շահերից ելնելով՝ վաղը Սալալայում նախատեսված տարածաշրջանային հանդիպումը հետաձգվել է։ Մենք շարունակում ենք հանձնառու լինել մեր տարածաշրջանում կայունությանը և երկարատև համագործակցությանը նպաստող երկխոսության խթանմանը», - գրել է նա։
Իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը, մեջբերելով Արտաքին գործերի նախարարության Պարսից ծոցի հարցերով գրասենյակի գլխավոր տնօրենին, հայտնում է, որ Օմանի հանդիպումը հետաձգվել է «տարածաշրջանի որոշ երկրների խնդրանքով և Թեհրանի ու Մասկատի համատեղ որոշմամբ»։
Հորմուզի նեղուցում, որն աշխարհում նավթի փոխադրումների կարևոր ուղիներից մեկն է, ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով իրավիճակը մնում է լարված: Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Իրանը պնդում են, որ իրենք են վերահսկում նեղուցը, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը, իսկ հիմա օրական շատ քիչ նավեր են անցնում:
Reuters-ը, վկայակոչելով նավագնացության հետևող ծառայությունների տվյալները, հայտնում է, որ նեղուցով հանգստյան օրերին օրական կտրվածքով 10-ից էլ քիչ նավ է անցել, ինչը զգալիորեն ցածր է 10-օրյա միջին ցուցանիշից, որը կազմում է օրական 14 նավ։
Երեկ էլ Հորմուզում արկը իրանական նավի է հարվածել, 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել: