Մատչելիության հղումներ

Իրանին մեկուսացնել հնարավոր չէ, իսկ Հորմուզի հարցում «արտաքին ուժերը» չեն թելադրի. Բաղայի

Լրացված
Էսմայիլ Բաղայի, Իրանի ԱԳՆ խոսնակ
Էսմայիլ Բաղայի, Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանին մեկուսացնել հնարավոր չէ, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային և պնդել է, որ Հորմուզի նեղուցի հարցի կարգավորման գործում «արտաքին ուժերը» չեն կարող որևէ բան թելադրել:

Բաղային պնդել է, որ ԱՄՆ մրցակիցները և նույնիսկ դաշնակիցներն այժմ դեմ են Իրանի դեմ գործողություններին, որոնց հետևանքով խախտվել է երկար ժամանակ գոյություն ունեցող միջազգային կարգը։

«Իրանին երբեք հնարավոր չի լինի մեկուսացնել։ Ընդհակառակը, նայեք ԱՄՆ -ի դիրքորոշմանը միջազգային ասպարեզում։ Նրանք սարսափելի հանցագործություններ են կատարել՝ հարձակվելով ինքնիշխան պետության՝ Իրանի Իսլամական Հանրապետության վրա և դաշնակցելով վախկոտ, հանցավոր կազմակերպության հետ, որը Գազայում էթնիկ զտումներ և ցեղասպանական պատերազմ է իրականացրել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բաղային՝ նկատի ունենալով Իսրայելին:

«Միացյալ Նահանգներն անտեսել է այս բոլոր միջազգային օրենքները»,- ասել է նա՝ հավելելով, որ BRICS երկրները և նույնիսկ ԱՄՆ դաշնակիցներն այժմ «բախվում են ԱՄՆ-ի պարտադրած միաբևեռ կարգին»։

Հորմուզի հարցում «արտաքին ուժերը» չեն թելադրի

Բաղային նաև ասել է՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ քաղաքականությունը չեն թելադրի «արտաքին ուժերը»: Նա նշել է, որ Իրանն ու Օմանը «համատեղ որոշում են կայացրել՝ ուղղված Հորմուզի նեղուցի կառավարման պատասխանատու մոտեցման հասնելուն»։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ Մասկատում Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների հետ այսօր նախատեսված հանդիպումը «հնարավորություն էր ցույց տալու այս որոշումների նշանակությունը»։ Նա նաև հայտնել է, որ հանդիպումը չեղարկվել է «Եմենում ծավալվող իրադարձությունների» պատճառով, որտեղ Իրանի աջակցությունը ստացող հութիները գրավել են Կարմիր ծովի՝ երկրում գտնվող ողջ ափամերձ հատվածը և սպառնում են խոչընդոտել Բաբ էլ-Մանդեբով նավագնացությանը։

«Եթե այս հանդիպումը տեղի ունենար, դա շատ հարմար հնարավորություն կլիներ [նոր քաղաքականությունը քննարկելու]: Ես չեմ կարծում, որ որևէ պատասխանատու երկիր կհամաձայնի, որ իրենց որևէ կերպ կամ ձևով թելադրեն կամ ենթարկվի որևէ արտաքին ուժի ճնշմանը»,- ասել է նա:

Իրանը «կապ չունի» Եմենի իրադարձությունների հետ

Իրանցի պաշտոնյան նաև պնդել է, որ Թեհրանը «չի միջամտում Եմենի գործերին»։

«Մենք որևէ առնչություն չունենք Եմենում տեղի ունեցողի հետ», - ասել է Բաղային։

«Շատ երկրներ օգտվում են զարգացող իրադարձություններից՝ Իրանի և տարածաշրջանային այլ երկրների միջև սեպ խրելու համար», - հավելել է նա։

Մինչ այդ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Եմենի ճգնաժամը ռազմական լուծում չունի։

Պիկաքսում միջուկային ակտվիություն չկա

ԱԳՆ խոսնակը նաև ասել է, թե անհիմն են ԱՄՆ-ի պնդումները, որ Իրանի Պիկաքս լեռան («Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտ) տակ գտնվող օբյեկտում միջուկային ակտիվություն է գրանցվել:

«Չի կարելի պնդել, որ Պիկաքս լեռան վրա միջուկային օբյեկտներ կան», - ասել է Բաղային՝ հավելելով, որ այս լուրերը Վաշինգտոնի կողմից իրականացվող «լրատվական և հոգեբանական պատերազմի անբաժանելի մասն են»։

ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունները վերջին շրջանում կրկին ակտիվացել են, կողմերը պարբերաբար հարվածներ են հասցնում միյանց։ Վաշինգտոնն ու Թեհրանը դեռ տարաձայնություններ ունեն, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի վերահսկողության, Իրանի միջուկային ծրագրի և պատժամիջոցների շուրջ։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG