Նախ՝ Փաշինյանի խոսքը, հետո՝ իրավապահների գործողությունները. ե՞րբ են ակտիվանում քննիչները

«Դուք ինչի հաշվին եք միլիոնատերեր, պիտի հատիկ-հատիկ ամեն ինչը վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը», - վարչապետ Փաշինյանի այս խոսքերից ժամեր անց Ազգային անվտանգության ծառայությունը մտավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա որդիների տներ:

Առաջին անգամը չէ, որ ԱԱԾ-ի, Քննչական ու Հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության ու դատավորների օպերատիվ գործողություններն անմիջապես հաջորդում են Փաշինյանի ելույթներին, հրապարակային զգուշացումներին, սպառնալիքներին ու կասկածներին: Վերջին մեկ տարվա աղմկոտ դեպքերից հիշենք:

Ընդդիմադիր Գագիկ Ծառուկյանին «Արարատցեմենտ»-ի գործարանից զրկելու հրապարակային սպառնալիքից մի քանի ժամ էր անցել, որ տարածվեց Գլխավոր դատախազության հաղորդագրությունը, թե գործարանը 2000-ականներին օրենքի խախտումներով են մասնավորեցրել:

Խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս անց Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շրջապատեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի առանձնատունը, ժամեր շարունակ խուզարկեցին, ձերբակալեցին Ծառուկյանին: Իրավապահները տնից տարան նույնիսկ նրա կենդանիներին, կապարակնքեցին գործարարին պատկանող տասնյակ ընկերությունների դռները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խուզարկություններ՝ Ծառուկյանի տանը և բիզնեսներում. ԲՀԿ առաջնորդը ձերբակալվեց, կալանքի միջնորդություն կներկայացվի

Երկու ձեռնարկությունում պետությունը կառավարիչ նշանակեց, սպորտային համալիրն էլ անցավ Երևանի քաղաքապետարանի կառավարմանը:

Արցախցի Արթուր Օսիպյանը բանտում հայտնվեց նախընտրական քարոզարշավին Փաշինյանին հարցեր տալուց անմիջապես հետո: Իշխող կուսակցության առաջնորդին հունից հանել էին հայրենիքն ու տունը կորցրած Օսիպյանի հարցերը ղարաբաղյան կարգավորման մասին:

Ողջ մնալու մեղադրանքից ժամեր անց Արթուր Օսիպյանը ազատությունից զրկվեց, 23 օր անցկացրեց բանտում ու ազատվեց հանրային աղմուկից հետո:

Երեք շաբաթ առաջ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը կոչ արեց իրավապահներին՝ ուսումնասիրեն իր կաբինետի նախկին աշխատակից Լիպարիտ Դրմեյանի ունեցվածքն ու կապերը: Վարչապետին անհանգստացնում էր, թե ինչո՞ւ էր Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավարը Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի գործով կառավարության դիրքորոշմանը հակասող պնդում արել մեկ տարի առաջ:

Մեկ ժամ էլ չէր անցել Փաշինյանի այս կոչից, Գլխավոր դատախազությունը հաղորդեց՝ ընթացք են տվել Դրմեյանի գործին: Լիպարիտ Դրմեյանը հիմա ընդդիմադիր գործիչ է, ընտրություններում «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակում էր ու ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում:

Մեկ տարի առաջ միլիարդատեր Կարապետյանը ազատությունից զրկվեց եկեղեցու վերաբերյալ կարճ մեկնաբանությունից հետո. «Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչն»:

Վարչապետ Փաշինյանը եկեղեցին պաշտպանող մեկնաբանությանն արձագանքել էր անմիջապես՝ ֆեյսբուքյան գրառմամբ. «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

Վարչապետի գրառումից ժամեր անց ոստիկանները շղթայեցին միլիարդատեր Սամվել Կարապետյանի առանձնատունը, նրան ձերբակալեցին, հետո կալանավորեցին: Վարչապետի գրառումները շարունակվում էին իրավապահների գործողություններին զուգահեռ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելուց ժամեր անց, ԱԱԾ-ականները շրջապատեցին Սամվել Կարապետյանի առանձնատունը

Թեև «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը քաղաքական հավակնությունների մասին հրապարակային ակնարկ չէր արել, ու որպես եկեղեցու խոշոր բարերար՝ խոսել էր եկեղեցին Փաշինյանից իր ձևով պաշտպանելու մասին, նրան մեղադրանք առաջադրվեց իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչի հոդվածով: Հետո ավելացրին փողերի լվացման մեղադրանքը:

Փաշինյանը պնդում է, որ Հայաստանում ժողովրդավարություն է ու այդ սկզբունքներով է գործում իր իշխանությունը, իսկ իրավապահներն էլ, իր խոսքով, պետությունից թալանածն են ետ բերում, բայց այս պահին ազատությունից զրկված են Փաշինյանի մեղադրանքները հերքող երեք հիմնական քաղաքական հակառակորդները: Գագիկ Ծառուկյանը բանտում է, Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ, իսկ Ռոբերտ Քոչարյանը, որ արդեն մեղադրյալ էր «Մարտի 1»-ի գործով, այսօր ձերբակալվեց նոր մեղադրանքով: