Մատչելիության հղումներ

Փաշինյանն իրավապահներին կոչ է անում զբաղվել Դրմեյանով. Դատախազությունն ընթացք է տվել

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի նախկին պաշտոնակատար Լիպարիտ Դրմեյան, արխիվ
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի նախկին պաշտոնակատար Լիպարիտ Դրմեյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ իրավապահներին կոչ արեց զբաղվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի նախկին պաշտոնակատար Լիպարիտ Դրմեյանով:

«Արբիտրաժի մասին հիշու՞մ եք այստեղ ինչ խոսակցություն էր տեղի ունենում, որ արբիտրաժը բանը, ՀԷՑ-ը, ՀԷՑ-ի նախկին սեփականատերերը, բաները, կալուգացին արբիտրաժում հաղթել է։ Երբ որ էս շենքում պարզվեց իրենք մարդ ունեին, էդ մարդուն երբ որ շենքից դուրս հրավիրեցինք, արբիտրաժում ....», - հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով. - «Բա ասում եք կոռուպցիա, բա էդ կոռուպցիա չի՞, էդ կոռուպցիա չի՞: Իմիջիայլոց, որևէ մեկը հետաքննե՞լ է էդ մարդու գործունեությունը, որ գրություն էր գրել, ստեղ բան կար, չէ՞, պարտականությունները կատարող, գրություն էր գրել, իրա գրության հիման վրա աղմուկ էր, որևէ, ես իրավապահ մարմիններին եմ դիմում՝ որևէ մեկը քննե՞լ է, հետո գնաց մի ամսից հայտնվեց եռագլուխ կուսակցության պոչում։ Որևէ մեկը քննե՞լ է՝ սա կոռուպցիա է՞, թե՞ կոռուպցիա [չի], էդ ի՞նչ կապեր են գործել»:

«Ես հիմա նաև հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին հնարավոր, չգիտեմ, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն՝ ո՞նց կարա պարզվի, որ էս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել, հետո գնացել է։ Պետք է ստուգվեն հաշիվները, պետք է ստուգվի ունեցվածքը։ Տենանք էդ մարդը էդ ի՞նչ էր անում, ստեղից բան էր, լրատվական ու քաղաքական դաշտը ինֆորմացիաներ էր տալիս և անտրամաբանական գրություններ, մի հատ էլ լրագրողները տեռորի մեջ՝ վայ, Կառավարությունը արբիտրաժում պարտվեց, պարտվելու է։ Բա ինչո՞ւ չեք լուսաբանում, որ ջախջախվել են արբիտրաժում, որովհետև բաները, տրոյական ձին հանել ենք շենքից դուրս», - ասաց վարչապետը:

«Հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս՝ թող տրոյական ձիու գործունեությունը քննեն: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննե՞լ է, ես նաև պատասխան եմ պահանջում ինստիտուտներից՝ քննել ե՞ն էդ դեպքը, թե՞ չեն քննել», - նշեց Փաշինյանը:

«Կառավարության դիրքորոշմանը հակասող գրություններ է գրել էդ մարդը, վարչապետի հանձնարարականին հակասող գրություններ է գրել էդ մարդը, դուք պիտի իրավական գնահատականի տաք։ Հետո գնացել է, հայտնվել եռագլուխ կուսակցության պոչի ցուցակի մեջ։ Էս պատահական է՞։ Էդ տենց պատահական, հա՞, տենց ստացվե՞ց։ Հետո պարզվեց՝ եռագլուխ կուսակցության պոչը ինչ-որ տեղերից ֆինանսավորում է ստանում։ Էդ պատահականություն է՞: Ոչ մեկ չի հետաքննել դա, նույնիսկ պետական մարմինները։ Եվ հետաքրքիր է, իրոք ես պատասխան եմ ակնկալում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը էս կոնկրետ դեպքով զբաղվե՞լ է, թե՞ չէ, մեր իրավապահները: ... Դրանից ավելի լավ կոռուպցիա ե՞ք ուզում», - հայտարարեց վարչապետը:

Դատախազությունն արդեն ընթացք է տվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Լիպարիտ Դրմեյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատվել է 2025 թվականի օգոստոսի 29-ին: Նախօրեին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը պնդել էր՝ Կառավարությունը չի կատարելու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագանձման քայլերն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը։ Ապա հայտարարել էր՝ հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիրը։

Վարչապետի ենթակայությամբ գործող Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն ավելի վաղ հայտարարել էր՝ միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման է:

Այս տարվա խորհրդարանական ընտրություններին Լիպարիտ Դրմեյանը մասնակցում էր «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG