Հաջիև․ «Հայաստանում շուտով մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը»

«Մենք ազդակներ ենք ստանում, որ մոտ ապագայում Հայաստանում մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը», - թուրքական Haber Glоbal հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Հնարավոր է, որ Հայաստանում հանրաքվե կազմակերպվի։ Հայաստանի սահմանադրության նախաբանում՝ Ադրբեջանի հասցեին տեղ գտած պահանջների վերացումից հետո մենք խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման որևէ խոչընդոտ այլևս չենք տեսնի», - հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ադրբեջանի նախագահի օգնականը նաև նշել է, որ տարածաշրջանում արդեն իսկ հաստատվել է խաղաղություն։

Բաքուն հստակ նախապայման է առաջադրել՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և դրանից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում: Հռչակագրում տարածքային նկրտումներ են տեսնում: Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմ է այս փոփոխությանը՝ հռչակագիրը համարելով կոնֆլիկտածին և պնդելով, որ դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից:

Հաջիև․ Իսրայելը լուրջ է ընդունել Ադրբեջանի ուղերձները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցի վերաբերյալ

Հաջիևը նաև անդրադարձել է հունիսին Իսրայելի կառավարության կողմից հաստատված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը՝ նշելով. «Հենց որ այս հարցը ի հայտ եկավ, Ադրբեջանը պարոն նախագահի հանձնարարությամբ ինտենսիվ դիվանագիտական ջանքեր սկսեց։ Մենք նաև մեր ուղերձները փոխանցեցինք իսրայելական կողմին, որ նման որոշման ընդունումը, նախևառաջ, անարդար կլինի, չի արտացոլի պատմական իրականությունը, և մենք դրա ընդունումը նպատակահարմար չենք համարել։ Դրական կողմն այն է, որ իսրայելական կողմը լուրջ ընդունեց Ադրբեջանի ուղերձները։ Մենք կարծում ենք, որ այս հարցում հետագա առաջընթացը կանխվել է»։

Ավելի վաղ իսրայելական Haaretz-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Քնեսեթում քվեարկության չի դրվել՝ վարչապետ Նեթանյահուի վրա Ադրբեջանի ճնշման պատճառով:

Իսրայելում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախորդ բոլոր փորձերը ձախողվել են։ Այս մի որոշումը հրապարակ եկավ Թուրքիայի ու Իսրայելի միջև լարվածության ֆոնին, երբ Անկարան մեղադրեց Նեթանյահուի կառավարությանը Գազայում ցեղասպանություն իրականացնելու համար։

Հայաստանի կառավարությունը քննարկումներին զուսպ էր արձագանքել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, ասել էր. «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»։