«Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է». խուզարկություն՝ Նարեկ Կարապետյանի առանձնատանը

Այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատանը, հայտնել է կուսակցության մամուլի խոսնակը։

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանն «Ազատությանը» հայտնեց, որ խուզարկություններն ավարտվել են, իրավապահները հեռացել են: Ըստ նրա՝ առանձնատնից ոչինչ չեն առգրավել:

Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում այս գործողությունները պայմանավորեց քաղաքական գործունությամբ:

«Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել: Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է, չկա որևէ այլ պատճառ, - ասաց նա՝ հավելելով, - մենք պետք է մեր երկրում քաղաքականությամբ զբաղվենք, որովհետև ինքը սխալ ճանապարհով է տանում»:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ քննչական գործողություններն իրականացվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի քրեական վարույթի շրջանակում։ Գործը վերաբերում է հավաքներին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։

Նարեկ Կարապետյանին օրեր առաջ մեղադրանք էր առաջադրվել հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։

Ալեքսան Ալեքսանյանը, ըստ իրավապահների, մեղադրվում է «Տաշիր»-ին առնչվող ընկերություններից փոխանցված շուրջ 1,6 միլիարդ դրամի ենթադրյալ լվացման և գումարի դիմաց կուսակցության կազմակերպած հավաքներին մասնակիցներ ապահովելու համար։

Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը պնդում է, որ գործի նյութերում իր պաշտպանյալի դեմ փաստական տվյալներ չկան։ «Ուժեղ Հայաստան»-ում քրեական հետապնդումը քաղաքական ճնշում են որակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է 1 մլրդ դրամ գրավ և երկրից բացակայելու արգելքՆարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց«Սա քաղաքական թատրոն է». ԿԸՀ շարունակում է քննել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը