ԿԸՀ-ն համաձայնություն տվեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդմանը, վերադարձրեց կալանքի միջնորդությունը

Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ, հունիս, 2026թ.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր համաձայնություն տվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ Դատախազության միջնորդությանը, վերադարձրեց կալանքի միջնորդությունը, ինչը, ըստ փաստաբան Արամ Վարդևանյանի, համարժեք է դիմումը մերժելուն:

«Դե հիշում եք երևի թե պատգամավորի կարգավիճակ բառակապակցությունը, Սահմանադրական դատարանի 1619 որոշումը 21 թվականի, այդ ամենը, ինչքան ներկայացրել էինք ձեզ, դրա կրկնապատիկը ներկայացրել էինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նիստի ընթացքում, Դատախազության կողմից բովանդակային հակափաստարկում չէր ներկայացվել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրել է նշված միջնորդությունը», - փոխանցեց Վարդևանյանը՝ շարունակելով. - «Այսինքն՝ խափանման միջոցի հարց՝ կալանքի կամ տնային կալանքի, Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու: Նախորդող որոշումն էլ, մեր գնահատմամբ, ևս պետք է վերադարձվեր, որովհետև դրա մեխանիզմը չկար, ինչևէ»:

«Ամենահավանական կանխատեսումը նա է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին մի խայտառակ, ապօրինի, աբսուրդային մեղադրանքի առաջադրման գործընթաց և ավելի նվազ խափանման միջոցի ընտրության գործընթաց, որի հնարավորությունները ունեն, ըստ էության», - ասաց փաստաբանը:

Կալանքի միջնորդությունը վերադարձնելը, ըստ Վարդևանյանի, տվյալ դեպքում համարժեք է մերժմանը. - «Պատգամավորի կարգավիճակ ունի Նարեկ Կարապետյանը, այսինքն՝ առավել քան պարզ է»:

Վերադարձնելու որոշումը ԿԸՀ-ն, փաստաբանի փոխանցմամբ, միաձայն կայացրեց:

«2021 թվականի օգոստոս ամսից ես խոսում եմ նրա մասին, որ պատգամավորի վկայական ստացած անձին չի կարելի կալանավորել, իսկ կալանավորելու դեպքում պետք է ազատ արձակել, իսկ ցանկության դեպքում՝ միայն ԱԺ համաձայնությամբ: Հիմա էդ նույն նախադասությունը ասում եմ 2026 թվականի հուլիսի 21-ից՝ հղում էի անում Սահմանադրական դատարանի 1619 որոշմանը, որտեղ սևը սպիտակին գրված է՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերեց՝ չես կարող ազատազրկել: ... Հիմա ի վերջո դա կարծես մի տեղ երևի տեսան», - ընդգծեց Վարդևանյանը;

Դատախազության դիրքորոշումը, ըստ փաստաբանի, «այնպիսին չէր, որ իրենք գտնում էին, որ իրենց միջնորդությունը վերադարձման ենթակա է, վերջում պնդել էին իրենց միջնորդությունը, ԿԸՀ-ն վերադարձրեց իրենց միջնորդությունը»:

«Հետևաբար՝ խափանման միջոցի հարց չենք ունենա, բայց իմ համար ինչն է կարևոր, որ հիմա ընդգծեմ. այն փաստը, որ մեղադրանք առաջադրելու գործընթացի վերաբերյալ ԿԸՀ համաձայնությունը եղավ, դա մեզ համար նույնչափ անընդունելի է, ինչպես ի սկզբանե նշում էինք ... Իմ գնահատմամբ՝ դա ևս պետք է վերադարձվեր, կամ մերժվեր», - հայտարարեց Վարդևանյանը:

Արամ Վարդևանյանը նախօրեին հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին: Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

Վարդևանյանը սա որակել էր «քաղաքական աբսուրդ, քաղաքական թատրոն, քաղաքական հետապնդում», որն, ըստ նրա, ուղղված է Ազգային ժողովում Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն:

Թեև միջնորդությունը դատախազությունը ներկայացրել էր դեռ հուլիսի 13-ին, այն ԿԸՀ-ն սկսեց քննել միայն երեկ՝ պատգամավորներին մանդատներ տրամադրելուց հետո։ Նարեկ Կարապետյանը ևս ստացավ պատգամավորական մանդատը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Սա քաղաքական թատրոն է». ԿԸՀ շարունակում է քննել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունըՆարեկ Կարապետյանը կկալանավորվի՞. ԿԸՀ նիստը կշարունակվի վաղըԿԸՀ-ն հրապարակեց նոր Ազգային ժողովի կազմը