Վեդիում անչափահաս քույրերի գործով, ըստ փաստաբանի, սպասում են փորձաքննությունների եզրակացություններին

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով նախաքննությունը ավարտական փուլում է, տեղեկացանք քույրերի փաստաբան Վարդուհի Էլբակյանից։

«Առերեսումներ տեղի չեն ունեցել, բայց հարցաքննություններ տեղի ունեցել են։ Բազմաթիվ են փորձաքննությունները, և համալիր փորձաքննություններ են, հիմա սպասում ենք դրանց եզրակացություններին։ Դատաբժշկական, դատահոգեբանական, դատակենսաբանական համալիր փորձաքննություններ են նշանակվել», - ասաց փաստաբանը։

Մայիսի սկզբին պայթեց Վեդիի այս զարհուրելի պատմությունը։ Լրատվամիջոցներն ահազանգեցին՝ երկու աղջնակներ ամիսներով սեռական բռնության են ենթարկվում իրավապահները կոծկում են դեպքը, ենթադրյալ մանկապիղծները ազատության մեջ պտտվում: Սրանից հետո միայն իրավական ակտիվ գործընթացներ սկսվեցին, իսկ Վեդի քաղաքի ու Արարատի մարզի ոստիկանության ու քննչական մարմինների ղեկավարները ազատվեցին աշխատանքից:

Անչափահաս քույրերի փաստաբանն այժմ քննության ընթացքից դժգոհություն չունի: Վարդուհի Էլբակյանն ավելի վաղ կասկած էր հայտնել, որ բռնության զոհ հնարավոր է նաև ամենափոքր քույրն է. «Հիմա փորձաքննությունների փուլում ենք գտնվում, հենց այդ մասով նույնպես։ Դեռևս եզրակացությունները պատրաստ չեն։ Աստված տա իմ կասկածները մնային հենց որպես կասկածներ, դրանք որևէ ձևով չհաստատվեին»։

Երեք անչափահաս քույրերն էլ այժմ երեխաների աջակցության կենտրոնում են։ Այստեղ նաև նրանց փոքրիկ եղբայրն է։ Կենտրոնում են ծնողների համաձայնությամբ, որպեսզի հոգեբանները աշխատեն նրանց հետ փոփոխված միջավայրում, բացատրում է փաստաբանը. «Եթե այդ դեպքի մասին չի չենք խոսում, երեխաների հոգեկան վիճակը կարելի է ասել արդեն որոշակիորեն կայուն է, բայց Աստված մի արասցե է, եթե փորձենք դեպքից խոսել, մանավանդ միջնեկ աղջկա վիճակը նորից կտրուկ վատանում է»։

Մի քանի օրից բոլորով կվերադառնան հայրիկ-մայրիկի մոտ, իսկ ենթադրյալ բռնարարները երեքն էլ կալանավորված են։ Երկամսյա կալանքի նրանց ժամկետները երկարաձգվել են։

Ընտանիքի հետ մտերմություն արած 65-ամյա վեդեցի տղամարդն իր 58-ամյա ընկերոջ հետ մեղադրվում են սեքսուալ բռնի գործողություններ կատարելու համար, իսկ 39-ամյա մի երևանցի, որ ընտանիքին որպես բարերար էր ներկայացել, մեղադրյալ է ավելի մեղմ, անառակաբարո գործողություններ կատարելու հոդվածով։ Նրանք փաստաբաններ ունեն, 58-ամյա տղամարդու պաշտպանից տեղեկացանք, որ մեղադրանքը չի ընդունում, համարում է, որ բավարար ապացույցներ չկան գործի հիմքում։

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանն ընդգծում է Վեդիի դեպքում էլ ենթադրյալ բռնարարներն ընտանիքին մոտ կանգնած մարդիկ են: Որ այս գործն ի վերջո տեղից շարժվեց, կարևոր է համարում փաստաբանների ներգրավվածությունը: Միայն աղմուկը դեռ բավարար չէ, ասում է:

Բերդի անչափահասի գործով բռնաբարության հոդվածով վարույթ չկա

Վեդիի հանրային հնչեղություն ստացած պատմությունից հետո իրենց թոռնուհու հանդեպ բռնության մասին բարձրաձայնեցին Բերդի տարածաշրջանի տարեց բնակիչները, հույսով, որ իրենց անմայր մեծացող թոռան կյանքը դժոխքի վերածած պեդոֆիլները նույնպես պատիժ կստանան։ Գործ հարուցվել էր, գյուղի երկու 60-ամյա բնակիչներ մեղադրյալի կարգավիճակ էին ստացել, բայց գործն այդպես էլ դատարան չմտավ, դատախազի որոշմամբ կարճվեց։

«Ազատության» տեսանյութից հետո իրավապահները տարեց ամուսիններին նորից կանչել են, ըստ տատիկի, այս մի նախադասության հետքերով. «Սթրեսային, լրիվ սթրեսային, ոնց որ այդ երեխու մեջ անընդհատ վախը կա»։

Ինչի՞ց է վախենում, հարցրել է քննիչը։ Անուն-ազգանունն են ասել, ենթադրյալ բռնարարներից այն մեկի, որ ամիսներ առաջ այս գյուղից վռնդվեց, գյուղացիների պատմելով, մանկապղծության մեկ այլ փորձի համար։

Ինչո՞ւ անչափահասի ցուցմունքներն արժանահավատ չեն համարվել, նա շատ բան է պատմել, նկարագրել դեպքի վայրերը, քննվել է երեխայի հղիության ընդհատման հարցը։ «Ազատությունը» գլխավոր դատախազին գրավոր հարցում էր ուղարկել, ստացել ենք պատասխանը՝ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթ է քննվում։

«Ազատության» տեղեկությամբ՝ բռնաբարության գործ չկա, այն ինչ փորձաքննությունը հաստատել է այդ փաստը։ Երեխայի տատն ու պապը անհույս են։

Այս դեպքում էլ, ինչպես հաճախ է լինում, անչափահասի ցուցմունքները համարվել են անարժանահավատ, ըստ փաստաբանի Ինեսա Պետրոսյանի, համատարած մոտեցում է։

Ըստ Պետրոսյանի, հաշվի չի առնվում հանգամանքը, որ այս դեպքում միայն փոքրիկ տուժողներն են ապացույցներ ներկայացնողները, ականատեսներ սովորաբար չեն լինում, իսկ թե ինչ վիճակում են նրանք, ինչպիսի տրավմաներով, խորքային դատահոգեբանական փորձաքննություններ էլ չկան, ըստ փաստաբանի։

2024 թվականին սեռական բռնության 231 դեպք է եղել, տուժողներից 123-ը երեխաներ։ Նախորդ տարի 174 գործ է հարուցվել այս հանցատեսակով, 100-ը անչափահասներ են։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաստաբանը կասկած ունի, որ բռնության զոհերի շրջանակը կարող է մեծանալՎեդիում բռնության ենթարկված քույրերի հորեղբայրն ազատ է արձակվել. փաստաբանՎեդիում անչափահաս քույրերի գործով մեղադրանք է ներկայացվել ևս մեկ անձիԱնչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերից հետո Վեդիում լարվածությունը չի մարում5-րդ պաշտոնանկությունը՝ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի հետևանքովՎեդիի գործով երկու ձերբակալվածները կալանավորվել են