Հայաստանի վարչապետն անձամբ է հանձնարարել Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ Ադրբեջանի նախագահի օգնականի հետ քննարկել հանդիպելու անհրաժեշտությունը։
Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը երեկ, ըստ էության, ասել էր՝ օրերս Դիլիջանում Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը կապ ուներ Հայաստանում ընտրական գործընթացների հետ և նպատակ ուներ կառավարել պատերազմի սպառնալիքը։ Այդուհանդերձ, ոչ Ազգային ժողովում, ոչ էլ այսօր կառավարությունում Նիկոլ Փաշինյանը ուղիղ չպարզաբանեց, թե ինչո՞ւ էր հասունացել պատերազմի վտանգը:
«Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի՝ կա՞ արդյոք հետաքրքրություն, այսինքն, շոշափի նման հանդիպման անհրաժեշտություն ակ, թե՞ ոչ: Երկրորդը՝ մենք և՛ Ադրբեջանի փորձագիտական, և՛ Հայաստանի փորձագիտական շրջանակներում տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող էին սրել իրավիճակը: Մենք, ինչպես և պարտավոր ենք, զբաղված ենք իրադրության կառավարմամբ», - ասաց Փաշինյանը:
Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը ընտրողներին գուժում էր՝ աղետաբեր պատերազմ կլինի՝ եթե ընդդիմությունը հաղթի կամ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չստանա սահմանադրական մեծամասնություն։ Ընտրությունների արդյունքներով՝ ընդդիմադիր երեք ուժերը ստացան ավելի քան կես միլիոն քվե, բայց չհաղթեցին, իսկ Նիկոլ Փաշինյանի ուժն այդպես էլ չստացավ սահմանադրական մեծամասնություն։
Սա ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ, ՔՊ-ի համար ձախողում է, որն անհանգստացրել է նաև Բաքվին:
«Ալիևին ու Էրդողանին խոստում է տվել, ձախողվել է, վերջապես՝ «65 տոկոս պետք է հավաքենք, սահմանադրական մեծամասնություն պետք է հավաքենք, այլապես կլինի պատերազմ և այլն», ինքը պարզ էր ասում: Ո՞վ կսկսեր պատերազմը, Ադրբեջանը, ասել է՝ «ես կփոխեմ Սահմանադրությունը, մենակ դու պատերազմ մի սկսիր»: Հիմա պարզ է՝ կանչել է իրեն Ալիևը կամ իր բանագնացին ուղարկել է, ասել է՝ դե խոստումդ կատարիր: վերջիվերջո այդ աջակցությունը հո ձերի չի եղել», - նշեց Խաչատրյանը:
Բաքուն հստակ նախապայման է առաջադրել՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և դրանից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում: Հռչակագրում տարածքային նկրտումներ են տեսնում: Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմ է այս փոփոխությանը՝ հռչակագիրը համարելով կոնֆլիկտածին և պնդելով, որ դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վիրահատական ճանապարհով լուծել արդարադատության հարցը. Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու նոր պատճառ է նշումՍակայն նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար նախ անհրաժեշտ է, որ այն խորհրդարանում արժանանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ի աջակցությանը: Թե ինչպե՞ս է իշխանությունն այս պայմաններում պատկերացնում նոր Սահմանադրության ընդունումը, հայտնի չէ: Այսօր էլ Փաշինյանը միայն նշեց՝ ամեն ինչ անելու են, որ տարածաշրջանում իրավիճակը չլարվի:
«Մենք պիտի աշխատենք, որ չլարվի, մենք աշխատել ենք, որ չլարվի ու չի լարվի տարածաշրջանային իրավիճակը: Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն», - ասաց վարչապետը:
Մինչդեռ արտգործնախարար Արարատ Միրզոյանը օրերս Լյուքսեմբուրգում եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումներում, ըստ «Ազատության» աղբյուրների, խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում անորոշությունից, որն ի հայտ է եկել հունիսի 7-ի ընտրություններից հետո, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չստացավ:
Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե ընդդիմությունն իր ձայների գերակշիռ մեծամասնությունը ստացել է ընտրակաշառքով, թեև սրա վերաբերյալ հստակ փաստեր հայտնի չեն։ Ընտրական հանցագործությունների վերաբերյալ պաշտոնական տվյալներով մինչև օրս հարուցվել է 125 քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 248 անձի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հակակոռուպցիոնը հայտնում է ընտրակաշառքի հերթական դեպքի մասին, կան ձերբակալվածներՓաշինյանը երեկ հայտարարում էր՝ պետք է թույլ չտալ, որ արտաքին աշխարհում ընկալում ձևավորվի, թե Հայաստանում 500 հազար մարդ քվեարկել է Ղարաբաղյան շարժումը շարունակելու համար: Արդյոք Գրիգորյանը Հաջիևին հենց սա՞ է բացատրել, որ Հայաստանում մարդիկ քվեարկել են կաշառքով: Ոչինչ էլ չեն բացատրել, առարկեց վարչապետը, շեշտեց՝ կողմերը ընդամենը միմյանց մտահոգող հարցերն են քննարկել:
«Մենք ներ ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում: Մյուս կողմից մենք ամբողջ աշխարհում էլ, այդ թվում՝ ընտրությունների քաղաքական հետևությունները և ընտրություններին հետևող ռազմավարությունները բոլոր մեր միջազգային գործընկերների հետ, առանց բացառության, կիսում ենք, դա նորմալ պրակտիկա է: Որ ասում եք՝ դա նվաստացուցիչ չի՞, ես որ թարգմանում եմ, կարա հնչի այսպես՝ իսկ պետություն լինելը նվաստացուցի՞չ է, թե՞ չէ, որովհետև բոլոր պետությունները զբաղվում են դրանով: Որ այդ թեմաները քննարկում ենք աշխարհի մյուս պետությունների հետ, դա նվաստացուցիչ չի, երբ որ Ադրբեջանի հետ ենք քննարկում, դա նվաստացուցի՞չ է»:
Պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ ընդդիմության լիդերներին սպառնալով Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է փորձում ուղերձ հասցնել:
«Ինքը փորձում է, որ՝ «հեսա մի բան կանեմ, էս ռևանշիստ ընդդիմությանը կփակեմ, կջարդեմ և այլն», այդ պարտավորությունը ինքը ստանձնել է նաև այդ խայտառակ թղթով, որը իրենք կոչում են խաղաղության համաձայնագիր», - նշեց Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, Խաչատրյանը չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձի նախագիծը քվեարկության դնել մինչև նոր խորհրդարանի ձևավորումը: Թեև այս խորհրդարանում նույնպես ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, միևնույնն է Խաչատրյանը կարծում է՝ կան անկախ պատգամավորներ, որոնք կսատարեն իշխանությանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» նման մտադրության մասին հայտարարություն դեռ չի հնչել: