ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Պուտինը հորդորում է Հայաստանին կողմնորոշվել, Փաշինյանն արձագանքում է

Եվրամիությու՞ն, թե՞ Եվրասիական տնտեսական Միություն. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորում է Հայաստանի իշխանություններին կողմնորոշվել, եթե Երևանը շուտ որոշում կայացնի, Մոսկվայի հետ ապահարզանը «քաղաքակիրթ կլինի»:

«Մեր գործը չէ, բայց միանգամայն տրամաբանական կլիներ անցկացնել հանրաքվե և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը. դրան համապատասխան մենք էլ համարժեք եզրակացություններ կանեինք և կգնայինք փափուկ, խելացի և փոխշահավետ ապահարզանի ճանապարհով», - նշել է Պուտինը:

Կրկնելով նախորդ ամիսներին Կրեմլից պարբերաբար հնչող թեզը, թե Հայաստանը ԵԱՏՄ-ից մեծ օգուտներ է ստանում, Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա միջոցառումների ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում նույնիսկ ժամկետներ նշեց՝ այս հարցը կարելի է ներառել ԵԱՏՄ առաջիկա՝ մայիսի 28-ին ու 29-ին կայանալիք գագաթնաժողովի օրակարգում:

Պուտինը հորդորեց հաշվարկներ անել ու ինչպես արդեն ամիսներ շարունակ իր ենթականերն են սպառնալից հայտարարություններ անում, խոսեց Ուկրաինայի մասին. «Իսկ ինչի՞ց սկսվեց այս իրավիճակն Ուկրաինայում. Եվրամիությանն անդամակցելու փորձից»:

ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովին վարչապետ Փաշինյանը չի մասնակցելու, Աստանա կմեկնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Արձագանքելով Պուտինի հայտարարություններին Փաշինյանն այսօր կրկնեց արդեն մեկ տարի շարունակ կրկնվող իր թեզը՝ Հայաստանը որոշում կկայացնի, երբ պահը հասունանա, այժմ և առաջիկա շրջանում Երևանը Եվրասիական տնտեսական Միությունից դուրս գալու անհրաժեշտություն չունի:

«Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ, որովհետև ես Ազգային ժողովում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ, ես էդ ձևակերպման հետ համաձայն չեմ: Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ: Էլի եմ ասում՝ քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ էդպիսի հարց դնել՝ նաև հանրաքվե, կանենք էն պահին, երբ որ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի», - ասաց Հայաստանի վարչապետը:

Փաշինյանը դարձյալ հայտարարեց՝ Երևանը Ռուսաստանի շահերը վնասելու նպատակ չունի. «Մենք չենք ներքաշվելու վիճաբանության, լեզվակռվի մեջ, և մենք բոլոր հարցերը քննարկելու ենք աշխատանքային պայմաններում, առանց լրացուցիչ նյարդի»:

Պաշտոնական Մոսկվան էլ ավելի սրեց խոսույթը ու սկսեց կոշտ հայտարարություններ անել անցած շաբաթ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ միջոցառումներից հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայ-ռուսական հարաբերություններում ներկա պահին որոշ հարցեր կան, որոնք քննարկում ենք. Մնացական Սաֆարյան

Տնտեսական հնարավոր հետևանքների վերաբերյալ սպառնալիքներից զատ Մոսկվան օրերս նաև Հայաստանի անվտանգությանն անդրադարձավ՝ պնդելով, թե «Եվրամիությունը ծրագրում է Հայաստանը կտրել հուսալի անվտանգության համակարգից»: «Հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը չի հարմարվի օտար աշխարհաքաղաքական խաղերին և առաջնահերթ կհամարի երկրի երկարաժամկետ ազգային շահերը»:

Հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը՝ ընդդիմադիր ուժերի գլխավոր օրակարգում

Հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքը խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ընդդիմադիր հիմնական մրցակիցների ծրագրերի առանցքային դրույթներից է: Ե՛վ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը», և՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, և՛ գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու մասին են խոսում:

Քոչարյանն, օրինակ, Երևանի քայլերը արկածախնդրություն է համարում. «Ռուսաստանը մեծ երկիր է, շատ համբերատար, բայց մի գիծ կա, այդ գիծը, որ անցնում են, այլս չի ներում»:

Գագիկ Ծառուկյանն էլ տնտեսական հնարավոր հետևանքների մասին է խոսում. «Մի հատ Եվրոպան եկավ օդի մեջ... Մակրոնը էսօր կա, վաղը չկա, հիմա Մակրոնի վրա մենք հույս ենք դնո՞ւմ»:

Երևանում կայացած գագաթնաժողովից հետո Բրյուսելը վերահաստատեց՝ աջակցում է Հայաստանի եվրոպական ձգտումներին: Նիկոլ Փաշինյանը, սակայն, այդպես էլ չհստակեցրեց՝ Երևանը պատրաստվո՞ւմ է Եվրամիությանն անդամակցության հայտ ուղարկել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետը չհստակեցրեց՝ Երևանը պատրաստվո՞ւմ է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնել