Անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերից հետո Վեդիում լարվածությունը չի մարում

Վեդեցի Դուխիկ Մարջանյանին՝ բռնության ենթարկված աղջնակների հորեղբոր հարևանուհուն, երեկ Քննչական կոմիտեի Վեդիի բաժին են կանչել։ Ինչպես հասկացել է տիկին Դուխիկը, իրավապահներին դուր չի եկել, որ ինքը հրապարակային քննադատել է նրանց անգործությունը։

«Այդ էրեխեքի վիճակը, որ տեսնեք, դուք երևի մի ամիս հաց չեք ուտի։ Էդ էրեխեքը իմ աչքի առաջ են մեծացել, ինձ հարազատ մարդ է, բա ես չպայքարե՞մ, չխոսե՞մ, արդարություն եմ պահանջում, գնամ դիմեմ Թրամփի՞ն, երեք ամիս էդ գործը դպրոցը մտցրել ա դատարան, ինչի՞ էդ հարցին լուծում չեք գտնում», - ասաց նա։

Վեդեցի կինը փորձել է քննիչներին բացատրել, թե ինչ վատ բան է մանկապղծությունը, ինչ վիճակում են երեխաները ու որ այդ ամենը կարող էր չլինել, եթե նրանք անեին իրենց գործը. «Ասեցի՝ էդ էրեխեքը անօգնական երեխա են, ես ընտանիքի հետ կապ ունեմ, ես էդ էրեխեքին ամեն ինչով, սնունդով, հագուստով օգնել եմ, ես սթրեսի մեջ եմ էդ էրեխեքի վիճակից։ Ասի՝ ի՞նչ ցուցմունք տամ, ես հրաժարվում եմ ցուցմունք տալուց։ Այդ ցուցմունքը եթե տամ, հեսա վաղը հակառակ ձևով կբարդեք իմ վրա ու էդ էրեխեքի վրա։ Էրեխեքին ասի՝ տարել եք, քննություն եք անցկացնում, գառին դրել եք գելի դեմ, կարա՞ խոսա էրեխեն»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առերեսում՝ դեռահասների նկատմամբ սեռական բռնության մասին առաջին ահազանգից երեք ամիս անց

Ամիսներով աղջնակներին սեռական բռնության ենթարկողները ազատության մեջ են եղել, երեխաներին շարունակել են բռնության ենթարկել, իսկ իրավապահները երկու օր առաջ բերման են ենթարկում նրանց հորեղբորը։ Անչափահասների ծնողները առողջական խնդիրներով են և նրանց միակ պաշտպանը մինչև այս դեպքի հանրայնացումը հորեղբայրն էր։

«Էդ էրեխեն դաստիարակված, խելոք երեխա է, թաղի մեջ ոչ մեկին վնաս չի տվել», - ասաց հարևանուհին։

Սեռական բռնության ենթարկված երեխաների հորեղբայրը՝ Թովմաս Թովմասյանը, ապրիլի 26-ին դանակահարել էր ենթադրյալ մանկապիղծներից Դավիթ Այնազյանին։ Վերջինս միայն երեկ կալանավորվեց, իսկ երկու օր առաջ միջադեպ է եղել Թովմասյանի կնոջ ենթադրությամբ ոստիկանի հետ։ Վեդիի բաժնից զանգել, երեխաներին հարցաքննության են կանչել։ Հարազատները չեն ցանկացել, որ նրանք առանց փաստաբանի բաժին գնան։

«Իմ ամուսնու ձայնը լսեցի ու դուրս եկա ու լսեցի հենց այդ պահին՝ «էդ ո՞ւմ մորն ես քրֆում», Մի պահ լռություն եղավ, դե այնտեղ արդեն ով որ զանգել էր իրեն, ինչ-որ բան ասեց, բնական է, ամուսինս էլ ասեց՝ «դե ուրեմն տեղդ ասա, գամ», - պատմեց Կինը:

Նա լսել է, որ հետո քաշքշուկ է եղել, թե ով է ում խփել, չգիտի, խոսակցությունից միայն այն է հասկացել, որ ամուսնուն զանգահարած ոստիկանը հայհոյել է. «Եթե իրենց գործով զբաղվեին ժամանակին և ճիշտ, այս ամեն ինչը չէր լինի ուղղակի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գլխավոր դատախազը հայտնեց, որ Վեդիի դեպքը եզակի չէ, նման դեպքեր արձանագրվել են նաև այլ մարզերում

Թովմաս Թովմասյանն այժմ ձերբակալված է ոստիկանին հարվածելու կասկածանքով։ Նրա խափանման միջոցի հարցը քննվելու է այսօր Մասիսի դատարանում։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը մի ուշագրավ դրվագ է ներկայացնում. «Գնում է այդ մարդկանց տեսնում է և տեսնում է կողքները կանգնած, կողքները կանգնած արտահայտությունը, եկեք հասկանանք, որ ֆիզիկական առումով, ֆիզիկապես մի մետրի վրա, երկու մետրի վրա այդ ոստիկանի հետ, որ հարցեր կային, այդ երկու ստահակներից մեկին, պատկերացնո՞ւմ եք ինչ աստիճան է մարդու արյունը խփելու գլխին»։

Երկու աշակերտուհիներին բռնության ենթարկած ենթադրյալ մանկապիղծները՝ 65-ամյա Դավիթ Այնազյանն ու 58-ամյա Արթուր Երեմյանը, երեկ կալանավորվեցին։ Արարատի մարզի ու Վեդու ոստիկանության ու քննչական մարմինների ղեկավարները ազատվեցին աշխատանքից։ Արարատի դատախազն ինքը դիմում գրեց։ Վեդիում, սակայն, անդորր չի հաստատվում։ Եթե այս մարդիկ գործից ազատվել են աշխատանքում թերացման պատճառով ու իրենց անգործության հետևանքով երեխաներին շարունակել են բռնության ենթարկել, ինչո՞ւ են պաշտոնյաները հեռացվում անպատիժ:

Երեխաներն ավելի քան մեկ շաբաթ է ՝դպրոց չեն գալիս. դպրոցի տնօրեն

Հարց է նաև երրորդ տղամարդու ներգրավվածության կասկածը: Նա ազատության մեջ է, բայց հենց նրա ձայնն են լսել ուսուցիչները 15-ամյա աշակերտին ուղարկած հաղորդագրությունը:

«Այդ ձայնագրությունները տեսանք, զանգեցինք ոստիկանություն և մարզպետարանի աշխատակազմին տեղյակ պահեցինք», - պատմեց Վեդու հիմնական դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանը:

Ձայնային հաղորդագրությունում հիշատակում կա նաև կալանավորված Դավիթ Այնազյանի մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վեդիի գործով երկու ձերբակալվածները կալանավորվել են

Վեդու հիմնական դպրոցում է սովորում երեխաներից մեկը, մյուսը՝ ավագ դպրոցում։ Փետրվարին այդ կասկածելի հաղորդագրություններն են տեսել, իսկ ապրիլին նկատել, թե ինչպես է երեկ կալանավորված տաքսիստը՝ Արթուր Երեմյանը, ստիպում ավագ աղջկան մեքենա նստել։

«Ավագ դպրոցի տնօրենը զրուցել է հետը, սկզբում ասեց՝ դպրոցում է, անհոգ եղեք, բայց հետո զրուցել է հետը և շատ ահաբեկված, կարելի է ասել, եկավ այստեղ և ասաց, որ շատ վատ բաներ են եղել», - նշեց Պապոյանը։

Շատ վատ բաների մասին ահազանգերը դպրոցից հասցրել են ոստիկաններին, նաև երեխաների ծնողներին։ Տնօրեն Ալվարդ Պապոյանի մտահոգությունը երեխաներն էին ու հիմա էլ երեխաներն են, նրանք ավելի քան մեկ շաբաթ է՝ դպրոց չեն գալիս։

«Շատ ընկճված էր, լարված էր, և տատիկը ասաց, որ երկու օր է՝ հաց չի կերել, պատրաստվում են դեղեր օգտագործել և այլն, վիտամիններ, որպեսզի սննդի պակասը լրացնեն։ Համենայն դեպս մենք կարողացանք իրեն համոզել, այդ օրը ինքը ճաշեց, շատ ուրախացանք», - պատմեց տնօրենը։

Հոգեբանի, ուսուցչի օգնականի հետ պարբերաբար այցելում են նրանց։ Այսօր էլ են գնացել, բայց ընտանիքում անպաշտպան են զգում ու երեխաների տեղը փոխում են անընդհատ։ Երեկ Քննչական կոմիտեի նախագահը խոսում էր պաշտպանության միջոցների մասին, բայց թե ում նկատմամբ է դա կիրառվել, հայտնի չէ։

«Տատիկն ասաց, որ «երեխաներին տեղափոխել ենք ուրիշ տեղ»։ Ես ճիշտն ասած նեղվեցի շատ։ Ասացի, որ չի կարելի այդպես, երեխաները պետք է դպրոց գան, առավել ևս, որ մենք խոստացել էինք, որ բարոյահոգեբանական կողմը դպրոցում կապահովենք։ Եվ իսկապես բոլորը ջերմ, շատ... այդպես վարվել են, այդպես եղել են իրենց հետ և կրկնակի ուշադրությամբ էլ պետք է շարունակվի»։

«Արարատի մարզպետարանի հետ քննարկում ենք, պատրաստ ենք հեռավար կրթություն ապահովել», - ասում է Ալվարդ Պապոյանը։ Բայց այն կարծիքին է, որ լավ կլինի երեխաները դպրոց գան, կտրվեն ճնշող միջավայրից, խոստանում են փոխել նրանց տրամադրությունը շատ ջերմությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը պնդում է՝ Վեդիի դեպքը իրավապահներն են բացահայտել, փաստաբանը հակադարձում է