«Կարծում են, թե ինձ լռեցրել են, բայց ես ավելի բարձր եմ գոռալու», - ասում է ամիսներ առաջ Հայաստան տեղափոխված իրանցի 35-ամյա Ռեյհանե Մաջիդին, ում իր կամքին հակառակ տարել են ԱԱԾ, 4 ժամ հարցաքննել ու «սպառնացել արտաքսել, եթե շարունակի պայքարը հանուն ազատության»։
Երևանում վարձակալած նրա բնակարանի դուռը հայաստանցի իրավապահները ոչ թե թակել, այլ ուժով են փորձել բացել. «Առավոտյան ժամը 10-ին Ազգային անվտանգության աշխատակիցները եկան իմ տուն, նրանք ուժով բացում էին դուռը մի բանալիով, որը ես որևէ մեկի չէի տվել։ Զանգել, կանչել էին նաև տանտիրոջը։ Երեք հոգի՝ քաղաքացիական հագուստով, առանց որևէ պաշտոնական փաստաթղթի կամ հիմնավորման, ստիպեցին ինձ իրենց հետ բաժին գնալ։ Այնտեղ ինձ պահեցին չորս ժամ»։
Անցած տարեվերջից Իրանում սկսված զանգվածային բողոքի ցույցերից հետո Ռեյհանեն տասնյակ իրանցիների հետ ամեն երեկո գալիս է սեփական երկրի դեսպանատան մոտ, արդարություն պահանջում հայրենակիցների համար, որոնցից հազարավորներին վարչակազմը սպանել կամ բանտարկել է։ Իսլամական Հանրապետության ճնշումների միջով անցած կինը չի հասկանում՝ ինչպե՞ս կարող են նույն մեթոդները բանեցվել մի երկրում, որն իրեն ժողովրդավար է հայտարարում։
«Նրանք պնդում էին, որ ես իրավունք չունեմ բողոքի ձայն բարձրացնել Իսլամական Հանրապետության դեմ՝ ո՛չ իրական կյանքում, ո՛չ էլ համացանցում։ Սպառնացին, որ եթե շարունակեմ, ինձ կարտաքսեն Իրան։ Մեկ շաբաթ ժամանակ տվեցին, որ իրերս հավաքեմ», - պնդում է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի դեսպանատան դիմաց ցույցերին մասնակցող իրանցիները շարունակում են ԱԱԾ կանչվել. ինչո՞ւԵրբ ասել է, թե Իրանում իրեն կախաղան կհանեն, ԱԱԾ աշխատակիցները , նրա խոսքով, սկսել են ծաղրել՝ որպես այլընտրանք առաջարկելով մարդու իրավունքների ոտնահարմամբ ու ընդդիմախոսների դեմ ճնշումներով հայտնի մեկ այլ երկիր՝ Ադրբեջանը. «Ինձ ծաղրում էին, իրար մեջ ծիծաղում էին՝ ասելով «արի սրան Ադրբեջան ուղարկենք»։ Ես ասացի, որ Ադրբեջանն այս երկրի (Հայաստանի) հետ խնդիրներ ունի, և ես չեմ ուզում նման տեղ գնալ, ես ուզում եմ մնալ Հայաստանում։ Գիտեմ, որ այս ամբողջ ճնշումը գալիս է Իրանի կողմից, բայց բողոքի ցույցի դուրս գալն իմ իրավունքն է, եթե սա ժողովրդավարական երկիր է»։
Տնից տասնյակ մետրեր այն կողմ՝ Իրանի դեսպանատան առջև ամենօրյա ցույցերին մասնակցող կինը չի հասկանում՝ ինչո՞ւ է Հայաստանի անվտանգության ծառայությունն իրեն հարցաքննում ու սպառնում՝ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի նկարն այրելու համար, ինչո՞ւ է ժողովրդավարության մասին հայտարարող իշխանությունը լռեցնում նրանց ձայնը, ովքեր իրենց հայրենիքի համար արդարություն են փնտրում։
«Ասացին, որ մինչև արտաքսվելս իրավունք չունեմ որևէ գրառում կամ սթորի անել սոցցանցերում։ Առանց թույլտվության վերցրին հեռախոսս, ստիպեցին բացել այն, մտան լուսանկարների բաժին, թերթեցին խիստ անձնական լուսանկարներս, նաև մտան Ինստագրամի էջս, ջնջեցին իմ հրապարակումներից երկուսը, որոնցում ես քննադատում էի Իսլամական Հանրապետությանը և պնդում, որ այդ համակարգը պետք է տապալվի։ Ինձ մեղադրում էին Խամենեիի նկարը այրելու համար, իսկ ես ասում էի, որ նա և իր հետևորդները ահաբեկիչներ են, ովքեր անմեղ երեխաների արյունն են թափում, և ես չեմ պատրաստվում լռել», - ասում է նա։
Իրանցի ցուցարարները ճնշումների մասին սկսեցին ահազանգել Հայաստանում Իսլամական Հանրապետության դեսպանի կոշտ քննադատությունից հետո, թե «մի խումբ մարդկանց դեսպանատան առջև ցույց անելու համար կանաչ լույս է տրվում»։ Թեև վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը ժողովդրավար երկիր է, որտեղ բոլորն իրավունք ունեն իրենց ձայնը բարձրացնել, ոստիկանությունն արգելել էր իրանցիների երթը, ԱԱԾ-ից էլ սկսել էին ցուցարարներին հարցումների հրավիրել ու նրանց սպառնալ արտաքսմամբ: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ծառայությունից օրեր առաջ հաստատել էին՝ իրանցիներին կանչում են ԱԱԾ, բայց չէին հստակեցրել՝ կոնկրետ ինչ պատճառով, ինչ հիմքով։ «Ազատության» հետագա հարցմանը դեռ չեն արձագանքել:
Իրանական բանտում ապրած բոլոր ցավերը Ռեյհանեն որոշել է հերթով դրոշմել մարմնի վրա, վերքերը բուժել դաջվածքներով։
Ինստագրամյան հերթական հրապարակումից հետո Ռեյհանեի հետևից այսօր էլ եկել են։ Ըստ նրա իրանցի ընկերների՝ բաժին ներկայանալու մերժում ստանալուց հետո «կտրել են հոսանքն ու ջուրը», ապա դռան դիտակին ծամոն փակցրել, հետո տարել ԱԱԾ, այս անգամ նրան ուղեկցել են տանը հերթապահող ընկերները։ Նյութի հրապարակումից մի քանի ժամ առաջ նրանք արդեն ազատ էին արձակվել։
Բողոքի վերջին ալիքը, որ սկսվեց Թեհրանում՝ գնաճի ու տնտեսական դժվարությունների դեմ, ժամերի ընթացքում տարածվեց ողջ երկրով մեկ՝ վերածվելով ազատության ու իրավունքների պայքարի։ Մի քանի օրվա ընթացքում երկրում սպանվել է առնվազն 5 հազար ցուցարար՝ միայն պաշտոնական տվյալներով։ Բողոքի ալիքը ուժով ճնշվել է, բայց չի մարելու, ասում է Ռեյհանեն՝ մեկնելով իրանական բանտում ջարդված ձեռքի մատնեմատին հագած խորհրդանշական մատանին՝ «Լինելու է» գրությամբ:
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» տեսանյութում.