Մատչելիության հղումներ

Իրանի դեսպանատան դիմաց ցույցերին մասնակցող իրանցիները շարունակում են ԱԱԾ կանչվել. ինչո՞ւ

Հայաստանյան իրավապահները շարունակում են ԱԱԾ կանչել Իրանի դեսպանատան դիմաց ցույցերին մասնակցող իրանցիներին ու նրանց սպառնալ արտաքսմամբ: «Ազատության» հետ զրույցում ԱԱԾ օպերատիվ հարցումների հրավիրված երիտասարդներից մեկը պատմեց՝ իրեն հստակ չեն էլ պարզաբանել՝ ինչ հիմքով են իրեն կանչել:

Ավելի վաղ ԱԱԾ-ից չէին հերքել, որ ծառայություն են հրավիրում իրանցիներին, բայց և չէին պարզաբանել՝ ինչ պատճառով։ «Ազատությունը» դարձյալ դիմել է ծառայությանը:

«Արդեն մոտավորապես ութ ամիս է, ինչ ես ապրում եմ Հայաստանում, և վերջին շրջանում, երբ իրանցիների կողմից Իրանի դեսպանատան դիմաց անցկացվում էին հավաքներ, ես նույնպես իմ ընկերների հետ միասին ներկա էի այդ հավաքներին։ Այդ ընթացքում մենք որևէ կարգախոս չենք հնչեցրել, որը կարող էր դիտվել որպես վիրավորական կամ ծայրահեղական, ինչպես նաև չենք կատարել որևէ բռնարարք կամ վնաս չենք հասցրել Հայաստանի հանրային կամ պետական գույքին», - նշել է իրանցիներից մեկը։

Անցած տարվանից Հայաստան տեղափոխված երիտասարդ իրանցին պատմում է՝ ԱԱԾ-ում պնդել են, որ ինքն ընդհանրապես չմասնակցի հավաքներին. «Երբ ես այնտեղ ներկայացա, ինձ ասացին, որ Հայաստանը Իրանի հետ շատ լավ հարաբերություններ ունի, և որ մենք ընդհանրապես չպետք է մասնակցենք նման հավաքների։ Ասացին, որ մեր արածը ամբողջովին սխալ է, և եթե շարունակենք այդ գործունեությունը, հնարավոր է մեր ձերբակալությունը կամ նույնիսկ արտաքսումը դեպի Իրան։ Նրանք նաև պահանջեցին, որ այլևս չմասնակցեմ այդ հավաքներին»։

Իրանցու խոսքով՝ չնայած սպառնալիքներին, ինքը շարունակել է մասնակցել ցույցերին, քանի որ, ասում է՝ որևէ անօրինական քայլի չի գնացել, օրենք չի խախտել։ Այս անգամ, ըստ երիտասարդի, նրան ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչություն են հրավիրել։

«Այնտեղ մեզ ասացին, որ առաջին անգամ մեզ հետ լիովին բարեկամական են խոսել և զգուշացրել, որ եթե շարունակենք այդ գործողությունները, մեզ կձերբակալեն։ Հարցրին, թե ինչո՞ւ ենք շարունակում գնալ այդ հավաքներին՝ նշելով, որ մեր գործողություններով ոչինչ չենք կարող փոխել և միայն վնասում ենք Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները։ Ասացին, որ իրենք իրենց աշխատակիցներին կուղարկեն հավաքների, և եթե կրկին այնտեղ հայտնվենք, մեզ կձերբակալեն, կբերեն այնտեղ և մեզ կհանձնեն Իրանի իշխանություններին։ Նրանք նաև ասացին, որ մենք պետք է գնանք և այս ամենը փոխանցենք մյուս երիտասարդներին, որոնք մասնակցում են այդ հավաքներին»։

Իրանցին ասում՝ որոշ ակտիվիստներ վախեցել ու և այլևս չեն մասնակցել ակցիաներին. «Այդ ընթացքում ևս մեկ անգամ մի անձ ինձ հաղորդագրություն ուղարկեց անծանոթ համարից և ասաց, որ ինքը Արաբկիր շրջանի ոստիկանությունից է և ինձ հրավիրում է ներկայանալ այնտեղ։ Ես պատասխանեցի, որ որևէ հանցագործություն չեմ կատարել և հարցրի՝ ինչո՞ւ պետք է գամ։ Ասացի, որ եթե չկա օրինական ծանուցում, ես չեմ ներկայանալու։ Նա ասաց, որ այդ դեպքում ես իմ գտնվելու վայրի հասցեն տամ, և ինքը կգա՝ «բարեկամաբար զրուցելու»։ Ես պատասխանեցի, որ նման բան չեմ կարող անել, և եթե այս թեմայով շարունակեն ինձ անհանգստացնել, կարող եմ բողոք ներկայացնել իրենց դեմ։ Դրանից հետո այլևս պատասխան չստացա»։

Ոստիկանությունը վերջին շաբաթներին իրանցիներին արգելում է անմիջապես դեսպանատան դիմաց հավաքներ անցկացնել, նրանց ստիպելով ավելի հեռվում կանգել՝ այգու տարածքում, շենքից բավականին հեռու։ Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց ցույցերը մեկնարկել էին անցած տարվերջից՝ Իրանի հակակառավարական ցույցերին զուգահեռ։ Մասնակիցներն օրեր շարունակ պահանջում են իրենց իշխանություններից դադարեցնել Իրանում ցուցարարների սպանությունը, նաև գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի հեռացման կոչեր էին հնչում:

Այս ակցիաներին կոշտ էր արձագանքել Հայաստանում Իրանի դեսպանը, հայտարարել, թե Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար կենտրոն։

Դիվանագետի հայտարարություններին վարչապետ Փաշինյանն էր արձագանքել՝ հավաստիացնելով՝ Հայաստանն Իրանի համար սպառնալիք չի դառնա: Փաշինյանը միևնույն ժամանակ պնդել էր, թե Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո հանրահավաքներ չեն արգելվել, և Իրանի համար բացառություններ չեն արվելու։

Փաշինյանի այս հավաստիացումներից բառացիորեն օրեր անց, սակայն, ոստիկանությունն արգելեց իրանցիներից դեսպանատնից Կապույտ մզկիթ երթ իրականացնել:

Ի դեպ, Իրանում հակակառավարական ցույցերից հետո առաջին անգամ Երևանում Իրանի դեսպանը հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի է հանդիպել: Խալիլ Շիրղոլամիին ընդունել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը: Արդյոք դեսպանը Թեհրանի բողոքը անձամբ նաև Ալեն Սիմոնյանին է փոխանցել, պարզ չէ: հաղորդագրությունում միայն նշվում է, որ անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանն ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին:




XS
SM
MD
LG