2026-ի ընտրություններից առաջ ընդդիմադիր քաղաքական դաշտում ինչ բանակցություններ ու որոշումներ կան

Թեև ընդդիմադիր ուժերը խորհրդարանական ընտրություններին գլխավոր նպատակ են հռչակել վարչապետ Փաշինյանին իշխանազրկելու հարցը, այնուամենայնիվ, այդ օրակարգի շուրջ համախմբում դեռ չկա:

Ընտրություններին դաշինքով մասնակցելու և այդ հարցով բանակցություններ սկսելու որոշման մասին մոտ երկու շաբաթ առաջ հայտարարեց Դաշնակցությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՅԴ-ն ԱԺ ընտրություններին դաշինքով կմասնակցի. ով կլինի վարչապետի թեկնածուն

Ո՞ր քաղաքական ուժերի հետ են այս շաբաթներին բանակցել և կա՞ն արդյոք որոշումներ: Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնեց՝ հիմնական քննարկումները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ են ընթանում, ասաց՝ շարժվում են եղած ձևաչափը պահպանելու ուղղությամբ:

«Այդտեղ մենք խորը անկյունաքարային տարաձայնություններ ոչ միայն չունենք, այլև ունենք մոտավոր նմանատիպ պատկերացումներ։ Բայց տեխնիկական հարցեր կան՝ սկսած, թե ինչ պլատֆորմով կարող ենք հանդես գալ, նկատի ունեմ՝ որո՞նք են այն իրատեսական առաջարկները, որ կարող ենք ներկայացնել մեր ժողովրդին, ֆորմատը, ցանկերը և այլն։ Հիմա այդ շրջանակներում ենք»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

2021-ի արտահերթ ընտրություններին Դաշնակցությունը և «Վերածնվող Հայաստանը» համախմբվեցին երկրորդ նախագահի շուրջ, ձևավորվեց «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ: Եթե քննարկումները «Հայաստան» դաշինքի ձևաչափը պահպանելու շուրջ են, սա նշանակո՞ւմ է, որ այս դաշինքում առանձին անհատներ կլինեն, բայց նոր քաղաքական ուժեր՝ ոչ.

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշում է.-«Մենք մտածում ենք հետևյալ կերպ՝ ի՞նչը կարող է եղած ստատուս քվոյին ավելացնել, այսինքն՝ նպաստել, որ ավելի հանրային վստահություն ունենանք, թիմն ավելի ուժեղացնել։ Այդ ֆորմատում որևէ ձևով կաշկանդված չենք։ Հիմա, եթե այդտեղ կլինի նաև քաղաքական ուժ, որևէ ձև խնդրահարույց չէ մեզ համար, այսինքն՝ բաց ենք այդ ֆորմատի համար: Եթե անհատներ են, էլի որևէ կաշկանդում չկա, որ, օրինակ, քաղաքական ուժի ներկայացուցիչներ չեն կամ առանձին քաղաքական ուժ չեն։ Ուզում եմ ասել՝ իսկապես, շատ բաց, շահագրգիռ քննարկումներ են, թե ինչպես կարող ենք նպատակին ավելի լավ հասնել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեծ հավանականությամբ կմասնակցեմ 2026-ի ընտրություններին». Քոչարյան

Ի՞նչ նոր անուններ կլինեն ցուցակում, ովքե՞ր դուրս կմնան և ի վերջո դաշինքը կրկին կառաջնորդի՞ Ռոբերտ Քոչարյանը, Դաշնակցական Վարդանյանն ասաց՝ վերջնական որոշումներ սպասվում են փետրվարի վերջին: Իսկ մինչև այդ, նշեց՝ հակված են պահպանել դաշինքի անվանումը:

Ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցն ացած շաբաթ առաջին անգամ քննարկել են նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Հանրապետականի» գործադիր մարմնում: Կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ որոշում դեռ չունեն:

«Բավականին ծավալուն՝ շուրջ երեք, երեքուկես ժամանոց քննարկում է եղել։ Որի հետ կապված որոշում չի կայացվել, և քննարկումները այս թեմայով շարունակվելու են։ Երբ մենք կունենանք արդեն դիրքորոշում, բնականաբար, դա արդեն կհանրայնացնենք»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

2021-ի արտահերթին «Հանրապետականը» ևս մասնակցեց դաշինքով, ցուցակը գլխավորում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որն ընտրվելուց մոտ մեկ տարի անց վայր դրեց մանդատը: Աբրահամյանն ասաց՝ մասնակցության ձևաչափն առհասարակ չեն քննարկել: Ընդ որում՝ մինչև ընտրությունները վարչապետին իմպիչմենթով հեռացնելու իրենց օրակարգը փակված չեն համարում: «Պատիվ ունեմ»-ը ամսիներ առաջ է նման նախաձեռնությանբ հանդես եկել, ստացել է նաև «Հայաստան» խմբակցության ստորագրությունները, բայց գործընթացն առաջ չի գնում:

Տիգրան Աբրահամյանի խոսքով.-«Ստորագրությունը միայն գործընթացի մի բաղադրիչն է կազմում, բնականաբար, դա ունի մի քանի փուլեր՝ սկսած փողոցային շարժումից մինչև քաղաքական ուժերի հնարավորինս լայն համախմբում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱԿ-ը հայտարարում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով ընտրություններին մասնակցելու մասին

Մինչ խորհրդարանական ընդդիմությունը իր պատկերացումներն է փորձում ձևավորել, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար կոնկրետ մեկ կամ երկու ընդդիմադիր դաշինքներով մասնակցելու առաջարկ են անում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը: Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսից կարծում են՝ ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի շուրջ: Կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ հենց նրանք են ընդդիմադիր դաշտի առաջատարը:

«Ակնհայտ է, որ հիմա կա ֆավորիտ։ Դա Կարապետյանենց քաղաքական ուժն է, իհարկե, բանակցում ենք»,- «Մեր ձևով» շարժման հետ բանակցություններից Զուրաբյանն ասաց՝ քանի արդյունք չկա, մանրամասներ չի հայտնի: Իսկ ընդհանուր առմամբ ինչո՞ւ ընդդիմադիրների համախմբում իրենց իսկ հռչակած գլխավոր օրակարգի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման շուրջ, դեռ չի նշմարվում, ինչն է խանգարում.

«Շատ վատ բան եք ինձ առաջարկում, որ ես հիմա սկսեմ մեղադրանքներ, մեղքեր բաշխել, մեղադրանքներ ներկայացնել և այլն, և այլն։ Ես կարող եմ ընդամենը ասել՝ մեր դիրքորոշումը շատ ճկուն է. մենք առաջարկել ենք կոմիտեի մոդելը, որտեղ լիդերության համար պայքարից խուսափելու համար մենք ասում ենք՝ եկեք ստեղծենք կոմիտե, որը հետագայում կընտրի, ասենք, վարչապետի թեկնածու։ Հասկանում եք, դա շատ ճկուն մոդել է, մենք առաջարկել ենք, ոչ ոք չի մերժում, հերքում, բայց գործը առայժմ առաջ չի գնում»,- ասաց Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը: «Ազատության» հարցին, թե լիդերության շուրջ ամեն դեպքում կան խնդիրներ, Զուրաբյանն արձագանքեց. «Իսկ Դուք ո՞նց եք կարծում, ո՞նց կարող է չլինի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նոր ղեկավար է պետք». «Մեր ձևով» շարժումը դեմ է, որ Հայաստանի նախկին առաջնորդներից որևէ մեկը ղեկավարի Հայաստանը

Զուրաբյանը, որ պատրաստ է համախմբման դեպքում չլինել վարչապետի թեկնածու, չհստակեցրեց՝ որ ուժերն են այդ հարցում անզիջում: «Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է: Այս մասին պաշտոնապես կհայտարարվի փետրվարի 12-ին: Նարեկ Կարապետյանն այսօր մեկնաբանություններից հրաժարվեց:

Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից Սամվել Կարապետյանի հետ քննարկումների մասին հայտնել է նաև ընդդիմադիր մեծ դաշինք ձևավորելու կողմնակից «Լուսավոր Հայաստանը», բայց կրկին առանց կոնկրետ արդյունքի: Ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել է նաև Երևանի ավագանիում «Քաղաքացիական պայմանագրի» կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցությունը, վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է: Ընտրություններին մասնակցելու է նաև նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: «Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ է մասնակցելու, իշխող ուժից կարծում են՝ 50 տոկոսից ավելի ձայն կստանան: