Առողջապահության նախարարն ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Արցախում հումանիտար ճգնաժամը հաղթահարելու ուղիները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսով ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, քննարկել առաքելության՝ տեղում վիճակը գնահատելու, անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք հասցնելու հնարավորությունները, ինչպես նաև ԱՀԿ հստակ դիրքորոշումը՝ իրավիճակի առնչությամբ:

51-րդ օրն է, ինչ Արցախ տանող միակ ճանապարհը փակ է, շարունակում են գազի, էլեկտրաներգիայի, համացանցի անջատումները, ինչի պատճառով պլանային վիրահատությունները դադարեցված են և հետաձգվում են, ըստ Հայաստանի առողջապահության նախարարության՝ ասել է Ավանեսյանը։

Տեղեկացնելով, որ մինչ օրս ծայրահեղ ծանր վիճակում 59 պացիենտ Կարմիր Խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան` կենսական բուժօգնություն ստանալու՝ նախարարը շեշտել է՝ շրջափակման և ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով մեկ պացիենտ մահացել է:

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ իրավիճակի առնչությամբ ԱՀԿ գլխավոր տնօրենն իր մտահոգությունն է հայտնել և խոստացել համատեղ աշխատանքի միջոցով գտնել լուծումներ:

Շրջափակման արդեն 51-րդ օրն է։ Արցախցիների խնդիրները չեն թեթևանում. հոսանքն օրական 6 ժամով անջատվում է, մթերքի հիմնական տեսակները կտրոնով են վաճառվում, դեղորայքի պակաս կա։ Գազամատակարարումը թեև վերականգնվել է, բայց էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածության պատճառով կապույտ վառելիք ունեն միայն Ստեփանակերտի բնակիչները: Երեկվանից դասապրոցեսը թեև վերականգնվել է, բայց մանկապարտեզները շարունակում են փակ մնալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում խնդիրները չեն թեթևանում. սննդի, դեղորայքի խիստ պակաս կա