Մատչելիության հղումներ

Արցախում խնդիրները չեն թեթևանում. սննդի, դեղորայքի խիստ պակաս կա


Շրջափակման 47-րդ օրն է. արցախցիների խնդիրները չեն թեթևանում. սննդի, դեղորայքի խիստ պակաս կա, հոսանքն օրական 6 ժամով անջատվում է։ Գազամատակարարումը թեև վերականգնվել է, բայց էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածության պատճառով կապույտ վառելիք ունեն միայն Ստեփանակերտի բնակիչները:

«Երեկ ժամը երեքից կեսօրից վերականգնվել ա, ես չէի ասի, որ բոլոր տարածքներում միանգամից, բայց աստիճանաբար հասել ա», - ասաց բնակիչներից մեկը:

Շրջափակման 7 շաբաթների ընթացքում Արցախում գազն անջատվել հետո վերականգնվել է մի քանի անգամ. Ստեփանակերտից Իրենա Հարությունյանն ասում է՝ այս պահի դրությամբ կապույտ վառելիք քաղաքում կա: Իրենց բնակարանը, սակայն, շարունակում է սառը մնալ, տունը հոսանքով են տաքացնում. ավելի քան 2 շաբաթ է էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են: Բաքուն թույլ չի տալիս մոտենալ ու վերանորոգել Հայաստանից եկող բարձրավոլտ գիծը, Արցախում միայն տեղական հոսանք են սպառում:

«Մեր տունը հոսանքով է տաքացվում, դրա համար ահավոր ցուրտ է տան մեջ», - ասաց Հարությունյանը:

Արցախում անցած շաբաթվանից կտրոնով մի քանի տեսակ պարեն է հատկացվում, իսկ Ջեռուցման ու էլեկտրաէներգիայի խնդիրների պատճառով երկրորդ շաբաթն է չեն գործում Արցախի բոլոր մանկապարտեզներն ու դպրոցները։

Իրենց իրավունքների մասին հիշեցնելով՝ արցախցի հազարավոր կանայք ստորագրահավաք են կազմակերպել ու բաց նամակով դիմել Եվրոպական հանձնաժողովի նախագահին: Նրանք անձամբ Ուրսուլա Ֆոն դեր Լայենից ու աշխարհից գործնական քայլեր են ակնկալում:

«Մենք էլ ունենք ապրելու իրավունք մեր պապական հողում, մեր պապական տներում, և այդ հնարավորությունը մեզանից, մեր երեխաներից խլում է Ադրբեջանը, դրա համար պիտի պատժվի», - նշեց նրանցից մեկը:

Ստեփանակերտը հայտնում է՝ արցախցիների համար տարբեր կազմակերպություններից ուղարկված մարդասիրական օգնությունները դեռ տեղ չեն հասել. դրանք շարունակում են մնալ Հայաստանի սահմանին։ Մասնավորապես՝ Գորիսի պահեստում է մնացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրաբերած 100 տոննա պարենը, ինչպես նաև Հայաստանի և արտասահմանյան մի շարք բարեգործական կազմակերպությունների ուղարկած ավելի քան 250 տոննա հումանիտար բեռը։

Հաղորդվում է, որ շարունակվում են Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախ հասցնելու ուղղությամբ, եթե օգնությունը տեղ հասնի, անվճար կբաժանեն խոցելի խմբերի քաղաքացիներին։

Պաշտոնական Մոսկվան այսօր դարձյալ անդրադարձել է փակված միջանցքին. շարունակում են, «եռանդուն ջանքերն իրավիճակը կարգավորելու համար», վստահեցրել է արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

«Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծամասնության, որոնք սահմանափակվում են դեէսկալացիայի կոչերով, ռուսական կողմն իրականում տեղում միջոցներ է փնտրում հանգուցալուծման համար, տրամադրելով մարդասիրական օգնություն։ Մենք կոչ ենք անում ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան։ Երևանին ու Բաքվին հորդորում ենք քաղաքական կամք դրսևորել առկա տարաձայնությունները շուտափույթ կարգավորելու համար», - նշել է Զախարովան։

Անցած շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարն էր պնդել, թե ճանապարհի բացման հարցը շուտով կլուծվի՝ առանց հստակեցնելու՝ երբ և ինչպես։

Բաքուն էլ շարունակ հայտարարում է, թե ճանապարհը բաց է, բայց այս ամբողջ ընթացքում փակված Լաչինով անցնում են միայն ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի ավտոմեքենաները, վերջիններիս ուղեկցությամբ այսօր Հայաստան է տեղափոխվել ևս երեք հիվանդ, ընդհանուր թիվը հասավ 49-ի։

XS
SM
MD
LG