Հեռախոսազրույց՝ Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի արտգործնախարարների միջև

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների արտգործնախարարները։ Ըստ հայկական կողմի, Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինքենն ու Ջեյհուն Բայրամովը իրենց տեսակետներն են ներկայացրել անցած կիրակի Ժնևում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ:

«Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման, հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: Շեշտվել է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների կարգավորման անընդունելիությունը», - հաղորդում է պաշտոնական Երևանը:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում ընդգծվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը:

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել ոչ միայն Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման, այլև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը», - հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Բլինքենը մեր [Միացյալ Նահանգների] գնահատանքն է արտահայտել դրական քայլերի կապակցությամբ, որ Հայաստանը և Ադրբեջանը ձեռնարկում են կայուն խաղաղության համաձայնության հասնելու ուղղությամբ», «ողջունել է նախարարների հոկտեմբերի 2-ի հանդիպումը՝ որպես կարևոր քայլ առաջ խաղաղության գործընթացում»: «Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով, և ընդգծել է, որ դիվանագիտությունը միակ ելքն է ստեղծված իրավիճակից», - ասված է պաշտոնական Վաշինգտոնի հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված 17 անձանցԵրևանը հայտարարում է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմների մասինՄիրզոյանը վերահաստատել է՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից

Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ Բայրամովը հեռախոսազրույցում հաստատել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի պատրաստակամությունը։ «Սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի հերթական նիստն հոկտեմբերին անցկացնելու կոչը դրական է ընդունվել՝ չսահմանազատված սահմանին լարվածությունը վերացնելու և այդ հարցերը հանձնաժողովի շրջանակում կարգավորելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Բայրամովը նաև ասել է. «Հետհակամարտային շրջանում Բաքուն կշարունակի աշխատել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչության վերաինտեգրման ուղղությամբ»:

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ քննարկվող հարցերի շուրջ առաջընթացի հասնելու համար։