Մատչելիության հղումներ

Միրզոյանը վերահաստատել է՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից


Երեկ Ժնևում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։

Երեկ Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը հանմացանցում տարածվել էր տեսագրություն որում ադրբեջանցի զինվորները դաժանաբար գնդակահարում են գերեվարված անզեն հայ զինվորականներին։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։

Դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Նախօրեին Հայաստանի վարչապետը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պաշտոնապես սկսելու են խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները։ Գիշերվա հանդիպումն, ըստ էության, առաջին նման քննարկումներ էր:

Հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմն առաջարկել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղափոխել և ավելի շուտ անցկացնել՝ նոյեմբերի փոխարեն հոկտեմբերին։

Սեպտեմբերի սկզին հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից հետո, որոնք ամենաարյունալին էին 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն արդեն երկու հանդիպում են անցկացրել։ Մինչ երեկվա հանդիպումը, նրանք հանդիպել էին սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ, մեկ հանդիպում էր տեղի է ունեցել Թբիլիսիում՝ հուլիսի 16-ին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG