Զապորոժիեի ատոմակայանի շուրջ իրավիճակը չափազանց լարված է մնում

Ուկրաինա - Զապորոժիեի ատոմակայանը, օգոստոս, 2022թ.

Ֆրանսիայի նախագահն այսօր կրկին զանգահարել է Ռուսաստանի նախագահին՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ Պուտին-Մակրոն զրույցի առանցքում է եղել Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության հարցը։ Ըստ Կրեմլի՝ «նախագահները նշել են օր առաջ այնտեղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի առաքելություն ուղարկելու կարևորությունը»։ Միջազգային տեսուչները, Կրեմլի հաղորդմամբ, կկարողանան տեղում գնահատել իրական իրավիճակը։

Կրեմլը, սակայն, չի հստակեցնում՝ արդյո՞ք Պուտինը համաձայն է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն ատոմակայան հասնեն Կիևի վերահսկողության տակ մնացած տարածքով, ինչպես երեկ երեկոյան պահանջել էր Ուկրաինայի նախագահը:

«Ռուսաստանն անհապաղ և առանց պայմանների պետք է թույլ տա, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների այցը կայանա: Նաև անհապաղ և առանց պայմանների նրանք պետք է զորքերը դուրս բերեն ատոմակայանի տարածքից: Աշխարհն ունի դա ապահովելու ուժը, եթե աշխարհը դա չանի, ապա դուք կարող եք աղբարկղը նետել միջուկային և ռադիացիոն անվտանգության բոլոր միջազգային փաստաթղթերը: Ռուսաստանը ոչնչացնում է այս միջազգային կարգը», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Ատոմակայանի շուրջ մտահոգություններն է՛լ ավելի սրվեցին նախօրեին, երբ սոցցանցերում հայտնվեց 30 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որն իբր նկարահանվել է Զապորոժիեի ատոմակայանի միջուկային ռեակտորին միացված շարժիչի սրահում։ Կադրերում տեսանելի է առնվազն հինգ բեռնատար, որոնցից մեկի վրա նշված է Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի խորհրդանիշը դարձած Z տառը: Ամերիկյան CNN-ը պնդում է, որ հաստատել է տեսանյութի իսկությունը, ըստ այդմ՝ այն նկարահանվել է ատոմակայանի վեց շարժիչների սենյակներից մեկում։ Թե երբ և ում կողմից է արվել տեսագրությունը, հայտնի չէ։

Մինչ այդ, Մոսկվան և Կիևը հայտարարում են, թե տեղեկություն ունեն, որ այսօր, քանի դեռ Ուկրաինայում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ատոմակայանում դիվերսիա է իրականացվելու։ Մոսկվան պնդում է, թե այդ սադրանքը ծրագրում է ուկրաինական կողմը, Կիևը հակառակն է հայտարարում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոնաշենկով․ «Կիևը սադրանք է նախապատրաստում Զապորոժիեի ատոմակայանում»

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, թե ուկրաինական զինուժը Վաշինգտոնի առաջարկով անդադար հարվածներ է հասցնում Զապորոժիեի ատոմակայանի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին:

«Եթե տեղի ունենա տեխնածին աղետ, դրա հետևանքները կզգան աշխարհի բոլոր անկյուններում: Վաշինգտոնը, Լոնդոնը և նրանց կամակատարներն են կրելու դրա ամբողջ պատասխանատվությունը», - ասել է Պատրուշևը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, իր հերթին, երեկ կոչ է արել անհապաղ դուրս բերել զորքերն ու զինտեխնիկան ատոմակայանի տարածքից: Կոչի հասցեատերն ակներևաբար Ռուսաստանն է, քանի որ կայանի շուրջ տարածքում հենց ռուսական զորքերն են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անտոնիո Գուտերեշին խիստ մտահոգում է Զապորոժիեի ատոմակայանի ճակատագիրը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ զգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից ատոմակայանի գրավումը մեծացնում է վթարների վտանգը: Ստոլտենբերգը մեղադրել է Մոսկվային տարածքը որպես ուկրաինական զորքերի վրա հրետանային հարձակման վայր օգտագործելու համար:

Չնայած եվրոպական մայրաքաղաքներից ու կողմերից հնչող ահազանգերին՝ մինչ այս պահը ատոմակայանում անվտանգությունն ապահովելու շուրջ որևէ համաձայնություն չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան մերժում է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՄԱԿ-ի առաջարկը

Մինչ այդ, շարունակվում են մարտերն ու ռմբակոծությունները նաև Ուկրաինայի մյուս շրջաններում։ Խարկովում հրթիռներից մեկը, ուկրաինական կողմի հաղորդմամբ, հարվածել է ուսումնական հաստատության շենքին: Քաղաքի ռմբակոծության հետևանքով մի կին է զոհվել:

Օգոստոսի 17-ին Խարկովում հանրակացարանի վրա հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 17-ի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իսկանդեր»-ները հարվածել են Խարկովի բնակելի թաղամասերին, կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Գնդակոծվել է նաև Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքը, իսկ Նիկոլաևում, ըստ տեղական իշխանությունների, հրթիռակոծվել է համալսարանի շենքը:

Անցած մեկ օրում միայն հինգ մարդ զոհվել է Դոնեցկի մարզի՝ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում:

Ռուսական զորքերը շարունակում են Սոլեդար, Սևերսկ և Բախմուտ քաղաքների վրա գրոհելու փորձերը: Այս պահին ռուսների վերահսկողության տակ է Դոնեցկի մարզի շուրջ 60 տոկոսը, և վերջին շաբաթներին նրանց չի հաջողվում շոշափելիորեն առաջ գնալ: Ավելին, ինչպես նշում է Վաշինգտոնի Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը, հուլիսի 6-ից ի վեր առաջին անգամ ռուսական աղբյուրները երեկ չեն հաղորդել վերջին օրվա ընթացքում Ուկրաինայի նոր բնակավայրեր գրավելու մասին: Մինչդեռ նախկինում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ամեն օր ազդարարում էր ուկրաինական գոնե մեկ գյուղ գրավելու մասին։

Ռուսական անկախ լրատվամիջոցներից «Մեդուզա»-ն, վկայակոչելով իր աղբյուրները Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում, այսօր գրել է, թե Կրեմլում նույնիսկ մտածում են Դոնեցկի, Լուգանսկի, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը Ռուսաստանին միացնելու մասին հանրաքվեները մինչև ձմեռ հետաձգելու շուրջ: Մինչ այդ հաղորդվել էր, որ այդ քվեարկությունները պետք է անցկացվեն սեպտեմբերի կեսերին։ Վերջնական որոշում նախագահ Պուտինը դեռ չի ընդունել, հաղորդում է «Մեդուզա»-ն։ Պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը դեռ չեն հաստատել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնբասի անջատականները մտադիր են սեպտեմբերին անցկացնել «հանրաքվե» Ռուսաստանին միանալու հարցով