Մատչելիության հղումներ

«Իսկանդեր»-ները հարվածել են Խարկովի բնակելի թաղամասերին, կան տասնյակ զոհեր և վիրավորներ


Ուկրաինա - Հրթիռակոծության հետևանքները Խարկովում, 18-ը օգոստոսի, 2022թ.

Անցած գիշերը Խարկովի համար ամենաողբերգականներից էր պատերազմի ամբողջ ընթացքում. ռուսական «Իսկանդեր»-ները հարվածել են բնակելի թաղամասերին, փլուզվել է երկու հանրակացարանի շենք, այս պահի տվյալներով՝ զոհվել է առնվազն 11 մարդ, այդ թվում՝ մի երեխա, վիրավորվել է գրեթե 40-ը, տեղեկացրել է Խարկովի մարզի ղեկավարը:

Ըստ դատախազության՝ երբեմնի եռահարկ շենքում ապրում էին նաև լսողության խանգարում ունեցող մարդիկ:

«Ինձ մնացել է այս [հագուստը] միայն, ո՞վ կօգնի: Մարդիկ վիրավորվել են, ինչո՞ւ: Հիմա ի՞նչ անենք՝ ես մնացի առանց բնակարանի, առանց մեքենայի, ո՞ւր գնամ», - ասում է փլուզված շենքի մի բնակչուհի՝ հավելելով, որ իր հարևաններից շատերին փրկվածների մեջ չի տեսել:

Տեղում փրկարարական աշխատանքները շարունակվում են: Չի բացառվում, որ առաջիկայում զոհվածների ու տուժածների թիվն ավելանա:

«Սա ստոր և ցինիկ հարված է խաղաղ բնակչության դեմ, որն արդարացում չունի և ցույց է տալիս ագրեսորի անզորությունը», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Հարվածից հետո Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ևս մեկ անգամ կոչ է արել Արևմուտքին՝ մեծացնել ռազմական աջակցությունը Կիևին և նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ:

Գիշերը կրակի տակ էր հայտնվել նաև Խարկովի մարզի Կրասնոգրադ քաղաքը: Վնասվել է ավելի քան 10 շենք, զոհվել է 2 խաղաղ բնակիչ, ևս 2-ը վիրավորվել է, այդ թվում՝ 12-ամյա երեխա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, նրանց «զինյալ» է որակում ու հայտարարում, թե ցամաքային ճշգրիտ զենքի հարվածի արդյունքում Խարկովում օտարերկրյա վարձկանների ժամանակավոր բազա է ոչնչացրել:

Ու մինչ Կիևը Մոսկվային մեղադրում է հերթական սարսափելի ագրեսիայի մեջ, Մոսկվան էլ, իր հերթին, հայտարարում է, թե ուկրաինական կողմը պատրաստվում է վաղը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ուկրաինա այցի ընթացքում սադրանք կազմակերպել Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանում, Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը «նախապատրաստվող սադրանքի» որոշ մանրամասներ է նույնիսկ հայտնել ու պնդել, թե դրա նպատակն է Ռուսաստանին մեղադրել տեխնածին աղետ ստեղծելու մեջ:

«Օգոստոսի 19-ին Ուկրաինայի զնված ուժերի 44-րդ հրետանային բրիգադի ստորաբաժանումները նախատեսում են հրետանային հարվածներ հասցնել Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում՝ Նիկոպոլ քաղաքում տեղակայված կրակային դիրքերից, որոնց հետևանքների մեղքը դրվելու է Ռուսաստանի զինված ուժերի վրա», - հայտարարել է Կոնաշենկովը:

ՄԱԿ-ն առաջարկում է ատոմակայանի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի: 42 պետություն կոչ է արել ռուսներին հանել զորքերը ատոմակայանից ու մերձակա տարածքներից՝ միջուկային հնարավոր աղետից խուսափելու համար:

Այսօր Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարեց, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին պատրաստակամություն է հայտնել գլխավորել գործակալության պատվիրակությունը Զապորոժիեի ատոմակայան:

Ռուսական կողմը նախօրեին հայտնել է, թե դեմ չէ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այցին, բայց մի պայմանով, որ վերջիններս ատոմակայան այցելեն ռուսների վերահսկողության տակ անցած տարածքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG