Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորանշանակ արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Կողմերը նախ անդրադարձել են երկկողմ համագործակցությանը, ընդգծել տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները, ապա խոսել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրման և արդյունավետ կիրարկման կարևորությունից։

Ինչպես Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն է հայտնում, Միրզոյանն ու Աբդոլլահիանին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին։ Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակին, ընդգծել նմանօրինակ գործելաոճի անթույլատրելիությունն ու այն համարել լուրջ սպառնալիք տարածաշրջանային կայունությանը:

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։

Թեհրանը, հիշեցնենք, հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված տարաձայնությունները կլուծվեն խաղաղ մթնոլորտում՝ առանց որևէ լարվածության կամ խափանման հաղորդակցության ուղիներում: