Մատչելիության հղումներ

Արտգործնախարարի մոսկովյան հայտարարությունները ԱԺ ընդդիմությանը վստահություն չեն ներշնչում


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, Մոսկվա, 31-ը օգոստոսի, 2021թ.

Նորանշանակ արտգործնախարարի մոսկովյան հայտարարությունները խորհրդարանական ընդդիմությանը վստահություն չեն ներշնչում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Արթուր Խաչատրյանը իմիտացիա է որակում Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ եթե լինեն խաղաղության բանակցություններ, ապա դրանց օրակարգում պետք է ներառվի Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արձանագրված սկզբունքների հիման վրա։

«Որպեսզի իմիտացիա ստեղծվի, կեղծ տեսանելիություն ստեղծվի, թե Հայաստանն ինչ-որ հարցով ընդգրկված է այդ բանակցությունների մեջ և կան բանակցություններ, փորձում են տրանսպորտային կապերի ակտիվացման բանակցությունները, որոնք տեղի ունեցան Մոսկվայում մի քանի օր առաջ փոխվարչապետերի մակարդակով, ներկայացնեն որպես Արցախի հարցի շուրջ բանակցություններ, մինչդեռ այդ բանակցություններում ընդհանրապես Արցախի հարցին չէին անդրադարձել: Ավելին ասեմ՝ այդ բանակցությունների մասին էլ հասարակությունը որևէ տեղեկություն չի ստացել», - ասաց Խաչատրյանը:

Արտգործնախարարի պաշտոնում Ռուսաստան կատարած առաջին այցի ընթացքում երեկ Արարատ Միրզոյանը հակամարտող կողմերի միջև խաղաղության պայմանագրի հաստատման բանակցությունների առաջնահերթ օրակարգում ընդգծել է Արցախի կարգավիճակի հարցի քննարկումը՝ մինչև 44-օրյա պատերազմը գործող ձևաչափով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ Բաքվի հետ հնարավոր բանակցությունների մասին տեղեկություն չի կարող հաղորդել։ Աղաջանյանը դրական էր գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահողի այցը Բաքու և այն որոշակի դրական ազդակ համարել։

«Հայաստանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ համընկնում է ամբողջությամբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող բոլոր պետությունների հետ, այդ թվում նաև որպես միջնորդ կազմակերպություն, այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական լուծումը տեղ չի գտել դեռևս և այս բանակցությունները պետք է շարունակեն նույն ձևաչափով և կողմերին հայտնի սկզբունքների շուրջ: Այս հայտարարությունը և մոտեցումը հայկական կողմն ամբողջությամբ կիսում է», - ընդգծեց Աղաջանյանը:

Դաշնակցական պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները նման հայտարարություններով փորձում են հանգստացնել հանրությանը. «Այսինքն մարդիկ ուղղակի փորձում են Արցախի հարցը հանեն քաղաքական օրակարգ և ժողովրդին բարեկեցություն խոստանան՝ սահմանները բացելու դիմաց, ճանապարհները բացելու դիմաց: Բաց ճանապարհները բացելու մասին են ասում, էլի եմ ասում, չգիտես ինչի Քարվաճառի ճանապարհին է անդրադառնում, այսինքն ինչպե՞ս կարելի է՝ մարդիկ 9 ամիս առաջ ճանապարհ են փակել, հիմա 30 տարի առաջ փակած ճանապարհների մասին են խոսո՞ւմ»:

Ընդդիմադիր պատգամավոր Խաչատրյանը հիշեցնում է Դաշնակցության դիրքորոշումը՝ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի փաթեթային սկզբունքով՝ սահմանների ճշգրտմանը պետք է նախորդի Արցախի կարգավիճակի հարցը։ Հակառակ դեպքում, այն, ինչ տեղի կունենա, կործանարար է։ Միևնույն ժամանակ, Խաչատրյանն ուշադրություն է դարձնում Միրզոյանի հնչեցրած արտահայտությանը, որում չի ընդգծվում «կարգավիճակ Ադրբեջանից դուրս» արտահայտությունը։

«Նախ Միրզոյանը չի շեշտել՝ Արցախի կարգավիճակ Ադրբեջանից դուրս, որովհետև Ադրբեջանի կազմում հայերի մշակութային ինքնավարությունը, որի մասին խոսում էր Ալիևը մի քանի տարի առաջ, դա էլ է կարգավիճակ: Արդյոք դա այն կարգավիճա՞կն է, որը մենք ուզում ենք», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

10 տարի Հայաստանը ղեկավարած, Բաքվի հետ բանակցությունների սեղանի շուրջ հարցեր քննարկած երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակից, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարող լուծել Արցախի հարցը։ Ընդդիմադիր պատգամավորը մասամբ ուշացած է որակում Միրզոյանի հայտարարությունները և շեշտում՝ շատ կարևոր՝ Բաքվի հսկողության տակ անցած տարածքների դեօկուպացիայի հարցը Մոսկվայում Միրզոյանը չի հնչեցրել։

«Իմ ենթադրության պարագայում որևէ լավ բան չկա, կարգավիճակ այնպես, որպես որ պատկերացնում է հայկական կողմը, հույս ունեմ, որ այդպես է պատկերացնում, ընթացիկ գործընթացները չեն հուշում, որ նման բան կա այդ փաստաթղթով: Միրզոյանը ծանր կացության մեջ է իրեն գցել՝ պնդելով, որ խաղաղության պայմանագիր հասկացություն գոյություն չունի», - ասաց Մամիջանյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է Թուրքիայի դիրքորոշման վերջին փոփոխությունները։ Անցած կիրակի Թուրքիայի նախագահն էր հայտարարել, թե Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Այս ամենն ինչ-որ բան նշանակում է, կարծում է երրորդ նախագահի թիմակից պատգամավորը։

«Պատերազմից հետո ռետորիկան այլ էր՝ ներկայացվում էր նախապայմաններ՝ Արցախից հրաժարում և այլն, փաստացի այս պահի դրությամբ Թուրքիայի ռետորիկան որոշակի փոփոխություն է ունեցել և դա էլ հերիք չի, մի հատ էլ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը դա որպես ձեռքբերում է ներկայացնում: Առնվազն որպես քաղաքացի իրավունք ունեմ կասկածելու, որ եթե նախապայմաններով եղել է ռետորիկա, իսկ հիմա ռետորիկան փոխվել է, ապա ինչ-որ մակարդակում այդ նախապայմանները բավարարվել են», - ընդգծեց Մամիջանյանը:

Իր հերթին քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Արցախի կարգավիճակի հարցի լուծումն այս պահին իրատեսական չի համարում։ Կովկաս ինստիտուտի տնօրենը այն հնարավոր չի համարում Ադրբեջանի դիրքորոշման պատճառով:

Արդյոք այս ամենն իրատեսակա՞ն է Ադրբեջանի նախագահի որդեգրած քաղաքականության պայմաններում, երբ Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ արցախյան հարցի լուծման, նաև Մինսկի խմբի ձևաչափի սպառման մասին։ Կովկասի ինստիտուտի տնօրեն Իսկանդարյանն ասում է. «Այսօրվա դրությամբ դա հնարավոր չէ, Ադրբեջանը ակնհայտորեն հրաժարվում է քննարկել, անգամ խոսել Ղարաբաղի ցանկացած կարգավիճակի մասին։ Եվ ինձ դժվար է պատկերացնել, թե նրանք կհամաձայնեն։ Բայց առհասարակ, եթե խոսենք հեռավոր ապագայի մասին, երկարաժամկետ հեռանկարում, ապա նման տարբերակները հնարավոր են, քիչ հավանական են, բայց և հնարավոր են։

Ես այնքան չեմ ապրի, որ տեսնեմ ղարաբաղյան խնդրի լուծումը։ Դա հստակ է։ Երիտասարդները հնարավոր է տեսնեն այդ լուծումը։ Այս խնդիրը շատ երկար կձգվի, եթե այն չի լուծվի վատթարագույն տարբերակով, այն տարբերակով, ինչպես լուծվեց Ղարաբաղի հարավում՝ զոհերով և մարդկանց տեղահանելով, բայց այս տարբերակն էլ չի լինի, քանի որ Արցախի բնակչության անվտանգությունն այժմ ապահովում են ռուս խաղաղապահները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG