Մատչելիության հղումներ

«Հստակ գնահատական տրվեց Ադրբեջանի պահվածքին»․ քաղաքագետը ԱԳ նախարարի՝ Մոսկվայում հնչեցրած դիրքորոշումները տեղին է համարում


Հայաստանի նորանշանակ արտգործնախարարի ռուսաստանյան առաջին այցի ժամանակ հնչեցված դիրքորոշումն ու արտահայտությունները տեղին են և ողջունելի, «Ազատության»-ը իր կարծիքը փոխանցեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Միրզոյանը Ռուսաստանի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում փոխանցել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, խոսել տարածաշրջանում խաղաղության անհրաժեշտությունից և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման հետ կապված հարցերից։

«Այն, որ այդ բոլոր հարցերը արտահայտություն գտան Արարատ Միրզոյանի և՛ ելույթներում՝ այս վերջին ժամանակվա, և՛ բանակցությունների ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարի հետ, դա միայն կարելի է ողջունել», - ասաց Գրիգորյանը։

Շեշտելով տարածաշրջանում խաղաղության անհրաժեշտությունը՝ Հայաստանի արտգործնախարարը երեկ Մոսկվայում ընդգծել էր՝ այս փուլում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն վարվում: Եթե երբևէ նման բանակցություններ սկսվեն, ապա դրանք անպայմանորեն պետք է ներառեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը` Մինսկի խմբի համանախագահների կողմից արդեն իսկ ամրագրված սկզբունքների հիման վրա։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավարն Ադրբեջանի նախագահի հնչեցրած արտահայտություններից հետո կարևորում է հայկական կողմի շեշտադրումները խաղաղության մասին։

«Ինչո՞ւ պետք է դրա մասին խոսել ավելի ակտիվ, քանի որ Ադրբեջանը շատ է շահարկում դա։ Ի՞նչ է ասում Ադրբեջանը, ասում է՝ «թող հայերը մոռանան Լեռնային Ղարաբաղի հարցը, մենք պատրասատ ենք խաղաղության»։ Ու, գիտեք, քանի որ իրենք շատ են ակտիվ գործում միջազգային հանրությունում, իրոք միջազգային հանրության մեջ կա էդպես կարծիք, որ՝ «դե, էդ մարդիկ ուզում են խաղաղություն, դուք չեք ուզում», - ասաց Ստեփան Գրիգորյանը։

Ռուսական կողմին փոխանցելով Հայաստանի դիրքորոշումը, նաև 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կատարած պարտավորությունները՝ Հայաստանի արտգործնախարարը միևնույն ժամանակ մեղադրանքի սլաքներն ուղղել է պաշտոնական Բաքվին՝ ընդգծելով՝ Հայաստանի ռազմավարությունը խաղաղությունն է տարածաշրջանում, որին, սակայն, խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը։

«Բաքուն չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտականությունները», - հայտարարել է Հայաստանի նորանշանակ արտգործնախարարը՝ շեշտելով, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով:

Քաղաքագետ Գրիգորյանը տեղին է գնահատում Միրզոյանի շեշտադրումը․ - «Շատ հստակ էր, քանի որ կարծես թե վերջին ժամանակներս մենք խուսափում էինք տալ գնահատական Ադրբեջանի պահվածքին։ Այդ բոլոր մեղադրանքներն Ադրբեջանի նկատմամբ, որը խախտում է այդ սկզբունքները, որ կային, դա միանշանակ դրական է»։

Հայաստանի արտգործանախարարն իր առաջին այցի ընթացքում ռուսական կողմի հետ հանդիպումներում հիշեցրել է մայիսի 12-ից ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածքում գտնվելու մասին, դրանք որակել է սադրիչ քայլեր, որոնք խախտում են միջազգային իրավունքն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հիշեցրել է հայ գերիների մասին, որոնց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել, նաև չի հայտնում, թե քանի Հայաստանի քաղաքացու է պահում իր տարածքում։

Հայաստանի արտգործնապխարարը ընդգծել է, որ հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին՝ Բաքուն խախտում է եռակողմ համաձայնագիրը:

XS
SM
MD
LG