Մատչելիության հղումներ

Սահմանազատման, սահմանագծման համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն, եթե Ադրբեջանը դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից․ Միրզոյան


Եթե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և իր զորքերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից, բարենպաստ պայմաններ կստեղծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու համար, ասել է Հայաստանի արտգործնախարարը`«Ռիա Նովոստիին» տված հարցազրույցում:

Պատասխանելով հարցին, թե ե՞րբ կարող են կողմերի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ բանակցույուններ սկսել, Արարատ Միրզոյանն ասել է․ - «Այս պահին ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքները ցույց կտան պաշտոնական Բաքվի՝ համաձայնության գալու կարողության աստիճանը, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը՝ հրաժարվելու միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտմամբ արհեստական օրակարգ նախաձեռնելու քաղաքականությունից»:

Թե երբ, որտեղ և կոնկրետ ում միջև են այդ բանակցությունները`Միրզոյանը չի հստակեցրել, միայն նշել է, թե դրանք ընթանում են ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ:

Հայաստանի արտգոծնախարարը միաժամանակ հույս է հայտնել, որ խնդիրը հնարավոր կլինի կարգավորել այնպես, որ այլ կառույցների`Մինսկի խմբի մյուս միջնորդ երկրներին, կամ` ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին դիմելու կարիք չի լինի։

Ռուսական գործակալության լրագրողը հիշեցրել է վարչապետ Փաշինյանի առաջարկը`Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ռուս սահմանապահների հենակետեր և ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ, և հարցրել`ընթանո՞ւմ են արդյոք կոնկրետ բանակցություններ այդ առաջարկների շուրջ, և արդյո՞ք ռուսական կողմը հետաքրքրություն է հայտնել։

Հայաստանի արտգործնախարարը պնդել է`մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները մտել են Հայաստանի տարածք, տեղում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, և հավելել` «սահմանապահների և դիտորդական առաքելության վերաբերյալ նախաձեռնությունները պետք է դիտարկել որպես ադրբեջանական կողմի ռազմատենչ նկրտումների զսպմանն ու արյունահեղությունից խուսափելուն ուղղված քայլ»:

Իսկ թե ինչպես է այս առաջարկներին արձագանքել Մոսկվան, արդյոք հետաքրքրված է այդ առաջարկի իրագործմամբ` Միրզոյանը չի հստակեցրել:

«Ռուս խաղաղապահների ներկայությունը կարևոր դեր է խաղում Արցախի ժողովրդի անվտանգության գործում»

Հայաստանի արտգործնախարարը ուղիղ պատասխան չի տվել նաև մի քանի այլ հարցերի, այդ թվում`չի հստակեցրել`արդյոք հայկական կողմն ակնկալում է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ժամկետը կերկարաձգվի, կամ`արդյոք ընթանում են բանակցություններ նրանց ներկայությունը անժամկետ դարձնելու համար: Միրզոյանը միայն ասել է, թե «ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր դեր է խաղում Արցախի ժողովրդի անվտանգության և կյանքի իրավունքի ապահովման գործում», ընդգծել, որ այս դրույթը ամրագրված է Հայաստանի կառավարության՝ 2021-2026 թթ. ծրագրում։

«Մինչդեռ, հարկ է նշել, որ Ադրբեջանը ոչ միայն մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, այլև ուժեղ հակաքարոզչություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը», - ասել է նա։

«Հայաստանը պատրաստ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը»

Ռուս լրագրողը նաև վերջին ամիսներին հաճախ քննարկվող հարցն է տվել`հնարավո՞ր է, որ Ադրբեջանի հետ ստորագրվելիք հնարավոր խաղաղության փաստաթղթում նաև դրույթ լինի միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։ Միրզոյանը վերջին հարցին չի անդրադարձել, միայն նշել է, որ Հայաստանը բազմիցս է ամենաբարձր մակարդակով հայտարարել, թե պատրաստ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հայտնի սկզբունքների հիման վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն:

«Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, առաջին հերթին՝ բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման վերաբերյալ, Ադրբեջանի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ տարածքային կեղծ նկրտումները և, ընդհանուր առմամբ, ադրբեջանական իշխանությունների մշտական ագրեսիվ հռետորաբանությունը ոչ մի կերպ չեն նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղությանը նպաստող մթնոլորտի հաստատմանը: Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը», - ասել է նա:

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները շուրջ ինն ամիս է`չեն հանդիպել, վերջին՝ հունվարին կայացած բանակցություններում էլ ոչ թե Ղարաբաղի, այլ`տարածաշրջանի ապաշրջափակման հարցն էին քննարկել:

«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր երկարաժամկետ ռազմավարությունն են»

«Մշակվում է արդյո՞ք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ մակարդակով գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը», - հարցրել է «Ռիա Նովոստիի» թղթակիցը:

Միրզոյանը հստակ պատասխան չի տվել. - «Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր երկարաժամկետ ռազմավարությունն են։ Մենք ողջունում ենք այդ կապակցությամբ Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ», - ասել է նա, հավելելով`«հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն լուծումը պետք է հիմնված լինի Մինսկի խմբի կողմից մշակված՝ կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների վրա։ Եվ սա ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումն է»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG