Մատչելիության հղումներ

Իրանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման տարաձայնությունները կլուծվեն խաղաղ մթնոլորտում


Թեհրանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված տարաձայնությունները կլուծվեն խաղաղ մթնոլորտում՝ առանց որևէ լարվածության կամ խափանման հաղորդակցության ուղիներում:

«Հուսով ենք, որ կողմերը Սյունիքի մարզի սահմանամերձ գոտիներում և հատկապես Կապան-Գորիս ճանապարհային հատվածում առաջացած վերջին տարաձայնությունները կկարգավորեն այնպես, որ չի խափանվի տրանսպորտային ուղիների վերաբացման և ապաշրջափակման նպատակի իրագործումը» ,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան ասել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից:

«Ցավոք, վերջին երկու օրերի ընթացքում Սյունիքի մարզում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով այս ճանապարհով երթևեկությունը խաթարվել է, ինչը խնդիրներ է առաջացրել ոչ միայն Հայաստանի քաղաքացիական բնակչության բնականոն կյանքի համար, այլև Իրանից Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մի շարք իրանական բեռնատարների համար»,- հայտարարել է Իրանի դեսպանությունը, ընդգծելով՝ այդ ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում առկա իրավիճակի բարդությունից ելնելով՝ պահանջվում է, որ կողմերը բարիդրացիության սկզբունքի շրջանակներում ջանքեր գործադրեն՝ հաղորդակցության և երթևեկության բնականոն ընթացքը ապահովելու ուղղությամբ, մինչև այս առումով ճշգրիտ և կոնկրետ իրավիճակի հասնելը»:

Իրանական կողմը նաև հույս է հայտնել, որ Կապան-Գորիս երթուղու շահագործման շուրջ առկա տարաձայնությունների լուծման ուղղությամբ ընթացող բանակցություններին զուգահեռ՝ սրընթաց կերպով կընթանան նաև այլընտրանքային երթուղիների բարելավման ու զարգացման աշխատանքները. «Որպեսզի պայմանները ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ Հայաստանի հետ մեր առևտրային հարաբերությունների տեսանկյունից՝ վերադառնան իրենց բնականոն հունին», - «Արմենպրես»-ին ասել են Իրանի դեսպանությունից:

XS
SM
MD
LG