Վահագն Հովակիմյանի նախագծով առաջարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը քննարկել նաև ԱԺ արտահերթ նիստում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյան, արխիվ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկում է փոխել ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածը: Գործող օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուի առաջադրումից հետո Ազգային ժողովի հերթական նիստում:

Պատգամավորն առաջարկում է օրենքի «հերթական» բառը փոխարինել «առաջիկա» բառով և այդպիսով ՍԴ դատավորի ընտրության հարցը քննարկել նաև արտահերթ նիստում: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և վեց անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը հեղինակած պատգամավորը չի թաքցնում՝ սա արվում է ապրիլի 5-ի հանրաքվեի դրական արդյունքի դեպքում Սահմանադրական դատարանում թափուր յոթ տեղն արագ լրացնելու համար։ Միևնույն ժամանակ պնդում է՝ օրենքը հակասություն ունի Սահմանադրության հետ, և այն փոխելու հարցը քննարկվել է նաև ավելի վաղ:

«Սամանադրության 100-րդ հոդվածը հնարավորություն է տալիս պատգամավորներին 1/4-ի ստորագրությամբ իրենց նախընտրելի օրակարգով արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրելու: Այսինքն՝ այս դեպքում ԱԺ կանոնակարգը փաստացի պատգամավորներին զրկում է Սահմանադրությամբ տրված իրավունքից, ինչը չի կարող լինել», - ասաց նա:

Հանրաքվեի դրական արդյունքի դեպքում պաշտոնավարումը շարունակող երկու դատավորներ` Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը մինչև նոր դատավորների ընտրությունը որոշումներ կայացնել չեն կարողանա: Քվորում ունենալու համար նրանց կպակասի ևս 3 ձայն: Վահագն Հովակիմյանը վստահեցնում է՝ իշխանությունները տեխնիկապես պատրաստ կլինեն նոր դատավորների ընտրությունը հնարավորինս արագ կազմակերպելու համար, բայց ժամկետներ չի նշում. - «Կարճ ժամանակահատված ուղղակի Սահմանադրական դատարանը քվորում չի ունենալու»:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքով թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարում են հաջորդաբար հանրապետության նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը: ՍԴ-ում վերջին ընտրված դատավորին առաջադրել էր Արմեն Սարգսյանը: Վահե Գրիգորյանի ընտրությունից առաջ նախագահը դատավոր առաջադրելու ևս 4 փորձ էր արել, և առաջին փորձից միայն 8 ամիս անց հաջողվեց ընտրել նախագահի թեկնածուին:

Վահագն Հովակիմյանն ասում է՝ դա առանձին դեպք էր, և հույս է հայտնում, որ նախադեպը չի կրկնվի:

Նկատենք, գործող մյուս դատավոր Արման Դիլանյանին էլ առաջադրել է Դատավորների ընդհանուր ժողովը: Այսպիսով, թափուր մնացած յոթ տեղից միայն երեքի առաջադրման հնարավորությունը մնում է կառավարության ձեռքում: Հովակիմյանը առանց փակագծեր բացելու նշում է՝ այս իրավիճակի համար դատավորների ընտրության հատուկ կարգավիճակ կսահմանվի: Այդ փոփոխությունը ԱԺ կբերվի հանրաքվեով Սահմանադրության փոփոխության հաստատումից հետո երկամսյա ժամկետում:

«Դա այս դեպքում քանի որ սահմանադրական փոփոխություններով հնարավորություն է տրվելու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում կոնկրետ այս իրավիճակի հետ կապված հատուկ կարգավորում սահմանել, այդ ժամանակ այդ հատուկ կարգավորումներով մենք հնարավորինս այնպես կանենք, որպեսզի այդ ռիսկերը չեզոքացվեն», - նշեց նա:

Հարցին, թե ստացվում է՝ հնարավոր կլինի 7 դատավորներին միանգամից առաջադրել և ընտրել, Հովակիմյանը պատասխանեց. - «Տվյալ դեպքում այս խնդրի մասին մենք կարող ենք խոսել հանրաքվեից հետո, այսինքն՝ հանրաքվեից հետո, երբ այդ կարգավորումները սկսենք քննարկել, այդ ժամանակ այդ բարձրացրած խնդիրների մասին կխոսենք», - նկատեց «Իմ քայլի» պատգամավորը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում նախագիծը դեռ չեն քննարկել: Խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը վստահ է՝ որոշումը քաղաքական է և միտված է նրան, որ որ հանրաքվեից հետո ՍԴ-ի աշխատանքը կաթվածահար չլինի. - «Եթե անկեղծ լինեմ, որոշակի մասով ես իմ համաձայնությունը կարող եմ ունենալ՝ նաև մեր նախկին փորձը դիտարկելով այստեղ, որ օրինակ՝ մենք այդպիսի նախադեպ ունեցանք, երբ ամառային արձակուրդներն էին, և փաստորեն հերթական նիստեր չունեինք, և դատավորի ընտրության հարցը հետաձգվեց, այսինքն՝ այդ կոնտեքստով որոշակի ճշմարտության հատիկ կա այս նախագծի մեջ: Բայց կարծում եմ՝ սա կոնկրետ այդ դեպքը չէ, ավելի շատ կապված է հանրաքվեի հետևանքով Սահմանադրական դատարանի աշխատանքների պարալիզացման հետ»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյան, արխիվ

«Լուսավոր Հայաստան»-ից Տարոն Սիմոնյանն ասում է՝ ինքն իր դեմ քվեարկությամբ է ամրագրել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ճիշտ ճանապարհ չէր ՍԴ ճգնաժամի լուծման համար, իսկ Վահագն Հովակիմյանի բերած այս նախագիծը նախորդի հնարավոր խնդիրների միայն կոսմետիկ լուծումն է ապահովում: Իսկ արագացված կարգով 7 դատավորների ընտրությունն ընդդիմադիր պատգամավորը ռիսկային գործընթաց է համարում․ - «Իրենք էլ մեծամասնություն են Ազգային ժողովում, արագ-արագ ոչ այդքան համապատասխանող թեկնածուներ բերեն և անցկացնեն: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ եթե շարունակեն դատավորներ ընտրել Սահմանադրական դատարանում, բնականաբար մենք չենք ունենա նորմալ Սահմանադրական դատարան»: