Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը


Վահե Գրիգորյան, արխիվ
Վահե Գրիգորյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը, տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը։

«Առնվազն մեկ տարի է, Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ներգրավված է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման նպատակով Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածություն առաջարկելու գործընթացում: Այդ պատասխանատու գործընթացը Հանրապետության նախագահն իրականացրել է հրապարակային ու ժողովրդավարական գործելաոճով՝ հավատարիմ մնալով իր սահմանադրական լիազորություններին, պահպանելով սահմանադրական նորմերը և ելնելով անաչառության և օբյեկտիվության սկզբունքներից: Հնարավոր թեկնածուների առաջարկներ և հավակնորդների վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով Հանրապետության նախագահը նախաձեռնել է օրենքին չհակասող մի շարք ընթացակարգեր, հանդիպել երկրի իրավական ոլորտի բազմաթիվ մասնագետների, իրավաբանական համայնքի հեղինակավոր ներկայացուցիչների, այդ թվում՝ գիտական ու փաստաբանական շրջանակների հետ», - ասված է հաղորդագրությունում:

Նախագահականից նշում են, որ մեկ տարվա ընթացքում, չնայած մի քանի անգամ հայտարարվել է թեկնածուների հայտերի ընդունման մասին, այդուհանդերձ, հավանական թեկնածուների թիվը եղել է շատ սահմանափակ:

«ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը փաստորեն սահմանափակվում է տվյալ պաշտոնին համապատասխանող ընդամենը մի քանի անհատ իրավաբանների շրջանակով: Կարևորելով իրավական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի գործունեության արդյունավետությունը, նկատի ունենալով, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա, հենվելով իր և իրավական հանրույթի ներկայացուցիչների, ինչպես նաև ՍԴ դատավորի հավանական թեկնածուների հետ վերջին երկու օրերի ընթացքում ունեցած քննարկումների արդյունքների վրա, Հանրապետության նախագահը առաջարկում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը», - ասված է հաղորդագրությունում:

Նախագահը հույս է հայտնել, որ, ընտրվելով ՍԴ դատավոր, Վահե Գրիգորյանն իր ավանդը կներդնի Սահմանադրական դատարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման, սահմանադրական արդարադատության, օրենքով Բարձր դատարանի դատավորին վերապահված լիազորությունների լիարժեք իրականացման գործում:

Հաղորդագրության հետգրությունում նախագահականը նշում է. - «Հաշվի առնելով անցած մեկ տարվա փորձը, Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարում, որ ապագայում քննարկվի իր իսկ կողմից ՍԴ դատավորի նշանակման հնարավորությունը՝ փոփոխելով գործող ընթացակարգերը՝ նկատի ունենալով Սահմանադրության 138-րդ հոդվածում (Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը) առկա կարգավորումների տրամաբանությունը»:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստացել է նախագահի գրությունը։

Տեղեկացնելով իր առաջադրման մասին՝ Վահե Գրիգորյանը Ֆեյսբուքում մասնավորապես գրել է․ - «Արձանագրեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի այս առանձին վերցրած պաշտոնը Հայաստանում երբևէ ամենամեծ լարում ունեցած, համալրման համար բարդություններով և բազում շահերի անհամապատասխանության հետևանքով թափուր մնացած, իսկ 2018թ․-ի ապրիլից ի վեր Հայաստանում վերջին երկու տասնամյակներում առաջին անգամ դեմոկրատական ընտրություններով ձևավորված Ազգային ժողովի կողմից համալրման ենթակա առաջին բարձր դատական պաշտոնն է։ Այս պաշտոնի համար ավելի շատ մրցութային/խորհրդակցական ընթացակարգեր են ներգրավվել, քանի որևէ այլ բարձր դատական և, առհասարակ, պետական պաշտոնի համար»։

«Հիշեցնեմ, որ Հայաստանն այն հազվագյուտ պետություններից է, որտեղ դատավորների 95 տոկոսից ավելին նշանակվել կամ վերանշանակվել են մեկ քաղաքական կուսակցության (ՀՀԿ) ղեկավարի կողմից՝ նրա գրեթե բացարձակ հայեցողությամբ։ Ավելին, Հայաստանի Սահմանադրական դատարանում բացարձակ մեծամասնություն են կազմում նույն կուսակցության կողմից վերահսկվող ԱԺ-ի և նույն կուսակցության ղեկավարի կողմից բացարձակ հայեցողությամբ, առանց որևէ ստուգման թափանցիկ ընթացակարգի և զուտ կուսակցական նպատակահարմարությամբ նշանակված անդամները։ Եվ, հաշվի առնելով Ազգային ժողովում իմ թեկնածության ընտրության բարձր հավանականությունը, ես բնական և խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթի հերթական մեկնարկն իմ դեմ։ Եվ ես կարծում եմ, որ այդ կոնկրետ շրջանակներն իրենց հակաժողովրդավարական անցյալի և նկարտումների դեմ վտանգի հարցում իրապես անհանգստանալու լուրջ հիմքեր ունեն», - ընդգծում է իրավաբանը։

«Արդարադատության համակարգի, սկսած դրա դատական համակարգի բաղադրիչից, վերափոխումների ընթացքն այլևս անդառնալի է և հասնելու է Հայաստանին արժանի կայուն և հանրության շրջանում խորը վստահություն և հարգանք վայելող համակարգի կարգավիճակի», - գրում է Գրիգորյանը՝ ամփոփելով․ - «Ես շնորհակալ եմ այն լայն աջակցության համար, որի պակասը երբեք չեմ զգացել, և իմ անձի վերաբերյալ և շուրջ այն մտքի արթնության համար, որ մարդիկ մշտապես ունեցել են պրոպագանդան և զրպարտախոսությունը իրականությունից զատելու հարցում»։

Ազգային ժողովը մայիսի 29-ին մերժեց Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Վաղարշյանը Արմեն Սարգսյանի ներկայացրած չորրորդ թեկնածուն էր. Ազգային ժողովը չէր հաստատել նաև նախագահի ներկայացրած նախորդ երեք թեկնածուներին՝ Գոռ Հովհաննիսյանին, Վահե Գրիգորյանին և Էմիլ Բաբայանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG