Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն որևէ ձևով չի մասնակցի քարոզարշավին, Ալեն Սիմոնյանը դա հանրաքվեին ակտիվ մասնակցելու ևս մեկ առիթ է համարում


Քվեաթերթիկների հաշվարկը սահմանադրական փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի ժամանակ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) որևէ ձևով չի մասնակցի «հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավին», այսօր հայտարարել է նախկին իշխող կուսակցությունը՝ կրկին պնդելով, որ «ապրիլի 5-ին նշանակված քվեարկությունը հակասահմանադրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական»:

«Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է», - ասված է ՀՀԿ-ի հայտարարությունում:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներից տեղեկացավ հայտարարության մասին, ասում է՝ ՀՀԿ-ի հայտարարություններին չի հետևում, քանի որ կարծում է՝ նրանք քաղաքական դաշտում որևէ կշիռ չունեն։

«Կարող եմ ասել, որ այդ հայտարարությունը գնահատում եմ որպես ևս մեկ առիթ, ևս մեկ դրդապատճառ՝ շատ ակտիվ մասնակցել հանրաքվեին, շատ ակտիվ գնալ, ասել՝ այո։ Ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր փորձելու են և փորձում են քողարկված ձևով, ինչպես նաև բացեիբաց սաբոտաժի ենթարկել հանրաքվեի պրոցեսը», - ասաց Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի և ևս վեց անդամի պաշտոնավարումը դադարեցնելու հարցով հանրաքվեի վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության դիրքորոշմանը, ապա այս ընթացքում չի փոխվել:

«Լուսավոր Հայաստանը» հայտարարում է՝ իրենք «Ոչ»-ի շտաբ չեն ստեղծելու, այս ընթացքում էլ հանրաքվեի թեմայով չեն խոսելու:

«Իրանց կանչեք դեբատի, իրանց հարց տվեք, իրանց հետ էլ բանավիճեք։ «Լուսավոր Հայաստանն» էնքան անելիք ունի, էս երկիրն էնքան խնդիր ունի, որ պետք է զբաղվել էդ խնդիրներով», - նշեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստանում» կարծում են, որ վարչապետ Փաշինյանի՝ երեկ Գերմանիայում արած հայտարարությունն այն մասին, որ ՍԴ-ն օկուպացված է և կուսակցականացված, վավեր հայտարարություն չէ: «Օրինակ, տիկին Ալվինա Գյուլումյանը, վստահ եմ, որևէ ձևով կուսակցականացված անձ չէ։ Նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր է եղել, հետևաբար համապատասխանում է բարձր դատարանի չափանիշներին, և չի կարելի մի դեպքով, միայն Հրայր Թովմասյանի պատճառով բոլորին նույն արշինով չափել և բոլորին վիրավորել». - ասաց Էդմոն Մարուքյանը։

Ի պատասխան՝ իշխող ուժը նախ ասում է, թե դատավորները՝ այդ թվում Ալվինա Գյուլումյանը, հնարավորություն ունեն օգտվել վաղաժամ կամավոր կենսաթոշակի հնարավորությունից: Իշխող ուժի պատգամավոր Հայկ Կոնջորյանն ասում է՝ սա գլոբալ խնդիրը մասնավորեցնելու փորձ է․ - «Մենք ասում ենք՝ Սահմանադրական դատարանը ունի լեգիտիմության խորը դեֆիցիտ, և դա կոնկրետ փաստերով ապացուցված է։ Սահմանադրական դատարանը ավելի քան վերջին քսանամյակում եղել է Հայաստանում ընտրակեղծարարության դակող ֆասադը, որը փորձել է գեղեցիկ գույներով, սահմանադրական տեքստերի, լեգալիզմի տեսքով արդարացնել այն ընտրակեղծարարությունը, որը տեղի է ունեցել։ Եվ Սահմանադրական դատարանի դատավորների մի զգալի հատվածը եղել են էդ ստորագրողներից, ովքեր այդ ամեն ինչի համար որոշակի պատասխանատվություն են ստանձնել»։

Փաշինյանը Գերմանիայում ասել էր նաև, որ Սահմանադրական դատարանի գոյությունը կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների ողջ օրակարգը Հայաստանում:

Էդմոն Մարուքյանը հակադարձում է. - «Ես կոնկրետ հարց եմ տվել. օրինակ բերեք մեկ ռեֆորմ, որ դատարանը տապալել է։ Չկա որևէ ռեֆորմ։ Ասել եմ՝ օրինակ բերեք քաղաքացիներին կեղեքելու դեպքեր վերջին երկու տարիներին, որևէ օրինակ չի բերվել»։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այն, որ չի բերվում կոնկրետ դատականի ակտի օրինակ, ևս մեկ ապացույցն է նրա, որ խնդիրը իշխանություններին հաճո Սահմանադրաիկան դատարան ունենալու մեջ չէ․ - «Կային խոսակցություններ, որ ասում էին՝ ինչ-որ բանի հետ է կապված Հրայր Թովմասյանի հետ կապված այդ խնդիրը, կամ ինչ-որ գործի հետ է կապված... օրինակ Քոչարյանի հետ կապված։ Դե, պարոն Մարուքյանը փաստացի փաստում է, որ դա դրա հետ կապված չի, փաստում է, որ որևիցե կոնկրետ խնդրի հետ կապված չի։ Խնդիրը կապված է հետևյալի հետ, որ Սահմանադրական դատարանը քաղաքականացված է»։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկում է փետրվարի 17-ին։ Դեռևս պարզ չէ՝ ձևավորվելո՞ւ է արդյոք «Ոչ»-ի շտաբ, թե՞ ոչ:

Սակայն իշխանություններին այս հարցը չի մտահոգում: «Այդ մարդիկ պարզապես չեն ցանկանում պատասխանատվություն վերցնել հանրայնորեն «Ոչ»-ի շտաբի դերակատարումը ստանձնելու։ Բայց իրենց բոլոր գործիքակազմով որպես ուրվական մասնակցելու են», - ընդգծեց Հայկ Կոնջորյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG