Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը կմասնակցի «Այո»-ի քարոզարշավին, նույնիսկ եթե իշխող ուժը պաշտոնապես չդիմի


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավին, նույնիսկ եթե իշխող ուժը պաշտոնապես չդիմի իրենց։

«Ազատություն»-ը զրուցել է կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ։ Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Հնարավո՞ր է չկայանա հանրաքվեն։

Լևոն Զուրաբյան. – Ընդհանրապես, հանրաքվեի հաջողության ամբողջ պատասխանատվությունը քաղաքական, ինչ ուզում եք ասել, ընկած է իշխանությունների վրա։ Իրենք են հասցրել էս իրավիճակին, իրենք են նախաձեռնել էս գործընթացը և իրենք են գլխավոր պատասխանատուն հաջողության։

Մենք մեր գործը կանենք։ Մենք մեր գործը, ասել ենք, մենք կքվեարկենք կողմ, մենք կմասնակցենք հանրաքվեին, բայց ամբողջ պատասխանատվությունը...

Ժողովրդի կամքն է՝ ժողովուրդը եթե լավ հասկանա այս խնդիրը, և ժողովրդին հասկացնելու խնդիր կա։

«Ազատություն». – Հասկանո՞ւմ է այս պահին, Ձեր կարծիքով, ժողովուրդը, մինչև քարոզարշավը, [որը] մեկնարկում է ամսի 17-ին։

Զուրաբյան. – Գիտե՞ք, ես կարող եմ մի բան ասել՝ խնդիրը պարզ դարձնելու համար դեռ ճանապարհ կա անցնելու, որովհետև պետք է հասկացվի, որ սա, նախ, տեխնիկական հարց չի՝ սա մի հարց է, որով Հայաստանում բացվում է արդարադատության դուռը, սա մի հարց է, որով բացվում է սահմանադրական փոփոխությունների դուռը, և հեռացվում են այդ կարևորագույն սահմանադրական մարմնի պաշտոնները յուրացրած՝ հանցագործ ճանապարհով յուրացրած մարդիկ։

Ինչ վերաբերում է «Այո» շտաբին. եթե իշխանությունը որոշի, որ անհրաժեշտ է համագործակցել, դա իրենց իրավունքն է՝ իրենք կարող են դիմել, էդ դեպքում մենք կքննարկենք։

«Ազատություն». – Իսկ եթե չեն դիմո՞ւմ, դուք առանձին կգնա՞ք հանրության հետ հանդիպելու, քարոզելու...

Զուրաբյան. – Իսկ եթե չեն դիմում, մենք մեր գործը անելու ենք, մեր դիրքորոշումը արտահայտելու ենք։ Դե մենք կգտնենք ամենաէֆեկտիվ ձևերը՝ աշխատելու հանրության հետ, մենք կգտնենք այդ ձևերը և մենք դա կիրականացնենք մեր հնարավորությունների...

«Ազատություն». – Ամեն դեպքում՝ քարոզելու եք, որ պետք է գնալ և «այո» ասել այդ փոփոխություններին։

Զուրաբյան. – Մենք արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք՝ միայն դիրքորոշումը հայտնելը դա արդեն քարոզ է։

«Ազատություն». – Պետք է նաև աշխատե՞լ քարոզարշավի ընթացքում։

Զուրաբյան. – Ես էլ ասում եմ՝ մենք մեր հնարավորությունների շրջանակների առումով, մենք մեր գործը կանենք։ Բնականաբար, քանի որ առաջատար կա, մենք էնպես պիտի կառուցենք մեր մասնակցությունը, որ դա որևէ կերպ չխանգարի, չանդրադառնա առաջատարի, այսպես ասած, մշակած ռազմավարության կամ մարտավարության հաջողության վրա։

«Ազատություն». – Բայց դուք էլ փորձառություն ունեք՝ չնայած «Ոչ»-ի շտաբի, բայց ամեն դեպքում։

Զուրաբյան. – Մենք երբեք ոչ մի ուժից կախված չենք եղել։ Մենք մեր գործը անել գիտենք, մեր դիրքորոշումները ունենք, և մեր մեթոդները, մեր փիլիսոփայությունը քաղաքական ամեն պարագայում առաջ ենք տանելու։

«Ազատություն». – Բայց, ամեն դեպքում, սպասում եք առաջարկին։

Զուրաբյան. – Մենք չենք սպասում ոչ մի առաջարկի, մենք ոչ մի առաջարկի չենք սպասում, մենք մեր գործը անելու ենք, անկախ նրանից՝ նման առաջարկ կլինի... այսինքն՝ մենք չենք սպասելու, որ առաջարկ լինի, որ մենք սկսենք գործ անել՝ մենք մեր գործը անելու ենք։ Բայց եթե լինի առաջարկ, կքննարկենք։ Եթե նրանք գիտեն համագործակցության, կարող են առաջարկել համագործակցության արդյունավետ ձև, մենք պատրաստ ենք այդ առաջարկները լսել և բանակցել։

Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված է ապրիլի 5-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։ Նախագիծը չի վերաբերում միայն ՍԴ դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

Հայ ազգային կոնգրեսը նախօրեին հայտարարեց, որ կողմ է սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն կմասնակցի հանրաքվեին։

XS
SM
MD
LG