Պենտագոնն «անհեթեթություն» է անվանել Իրանի պնդումն այն մասին, որ Ահվազ քաղաքում անցած շաբաթ օրը տեղի ունեցած ահաբեկչությունը Միացյալ Նահանգներն է կազմակերպել:
Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը երեկ հիշեցրել է, որ Վաշինգտոնը դատապարտել է անցած շաբաթ օրը զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն է հայտնել Իրանին:
Ահվազում հեղափոխական գվարդիայի զորահանդեսի ժամանակ չորս զինյալների կատարած ահաբեկչության հետևանքով զոհվել է 25 մարդ, ընդ որում ոչ միայն զինվորականներ, այլև քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք և երեխաներին: Ահաբեկիչները ոչնչացվել են:
Շաբաթօրյա ահաբեկչության համար միանգամից երկու կառույց է պատասխանատվություն ստանձնել՝ «Իսլամական պետությունը» և «Ահվազի ազգային դիմադրությունը»: Այս պահին անհայտ է, թե դրանցից որ մեկն է իրականում կազմակերպել գրոհը:
«Անհեթեթություն է նման բան ասել, այսօրվա դրությամբ նրանք մեղադրել են երեք երկրների և առնվազն մեկ խմբավորման, կարծում եմ, ճիշտ կլինի, որ նրանք լավ մտածեն, նոր մի բան ասեն», - հայտարարել է Պենտագոնի ղեկավարը:
Թեհրանը պնդում է, որ Ահվազում ահաբեկչությունը կազմակերպել են «Ամերիկայի խամաճիկները»: Իսլամական հանրապետությունում սովորաբար այդպես արտահայտվում են Սաուդյան Արաբիայի և Իսրայելի մասին:
Իրանը հայտարարել է, որ «ջախջախիչ» հակահարված է տալու ահաբեկչության հեղինակներին: